«Չտեսա Եզրաս Սրբազանի ստորագրությունը»․ ԱԱԾ նախկին տնօրենը՝ կաթողիկոսի եղբորը վերագրվող փաստաթղթի մասին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, արխիվ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող լրատվամիջոցը՝ civic.am-ն, այսօր ԱԱԾ-ից ստացած փաստաթուղթ է հրապարակել՝ պնդելով, թե Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, 80-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից։

Հայերեն լրացված այդ փաստաթղթից կարելի է ենթադրել, որ այն գաղտնազերծվել է 2001 թվականին:

Թե ինչո՞ւ է հենց հիմա հրապարակվում այն, հստակ չէ, առավել ևս, որ շաբաթներ առաջ մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Ազատությունը» դիմել էին իրավապահներին՝ խնդրելով պարզաբանել՝ ի՞նչ հիմքով է վարչապետ Փաշինյանը գործակալ լինելու մեղադրանքներ հնչեցնում հոգևորականների հասցեին ու որևէ հիմք չէին ստացել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ- ն ու ՔԿ-ն կգնա՞ն Փաշինյանի պնդման հետքերով. ի՞նչ կապ ունի կաթողիկոսը «օտարերկրյա ծառայության լեյտենանտի» հետ

Ազգային անվտանգության ծառայությունից civic.аm-ին, առանց փաստեր տրամադրելու, փոխանցել են նաև, որ Եզրաս արքեպիսկոպոսը ներկայումս ևս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը «կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի անվտանգությանը և շահերին, ուստի ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ»։ Թե ինչ միջոցներ, չի նշվում:

Կաթողիկոսի վերաբերյալ, ում հրաժարականի պահանջով վարչապետը արշավ է սկսել արդեն մի քանի ամիս, ԱԱԾ-ն որևէ տվյալ չի հայտնել։

Մայր Աթոռից դեռ այս հրապարակումը չեն մեկնաբանել, առայժմ որևէ տեղեկատվություն չկա նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանից։

«Չտեսա այդտեղ Եզրաս Սրբազանի ստորագրությունը կամ այդ փաստը վկայող տվյալ». ԱԱԾ նախկին տնօրեն

Նման փաստաթղթի հրապարակումը վտանգավոր է համարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը Նիկոլ Փաշինյանի օրոք զբաղեցրած Միքայել Համբարձումյանը:

«Եթե ԱԱԾ-ն հաստատել է և այսպես ասած գաղտնազերծված այդ տեղեկատվությունը տրամադրել է լրատվական միջոցին, դա իմ համար չգիտեմ բացառիկ, նախադեպը չունեցող դեպք է։ Իմ համար անհասկանալի, ես չեմ կարողանում, պարզապես չեմ հասկանում, թե իրավական ինչ հիմքերով է գաղտնազերծվել նման փաստաթուղթը, այսպես ասած, ագենտուրային վերաբերվող փաստաթուղթը։ Ես չեմ կարողանում հիշել, մտաբերել, որ նախկինում այսպիսի դեպք տեղի ունեցած լինի։ Եվ չեմ էլ կարող ասել, անկեղծորեն եմ ասում, չգիտեմ, թե ինչ իրավական կարգավորումների հիման վրա է գաղտնազերծումը կատարվել», - ասում է Համբարձումյանը։

«Իհարկե, այստեղ մեծ վերապահում պետք է անենք, այն իմաստով, որ փաստաթղթից էլ այդպես չես կարողանում հասկանալ, այդ փաստաթուղթը արդյոք վկայո՞ւմ է, որ այդ անձը համագործակցել է հատուկ ծառայությունների հետ, թե ոչ, որովհետև ես չտեսա այդտեղ Եզրաս Սրբազանի, եթե իհարկե փաստաթուղթը ճիշտ է, ստորագրությունը կամ որևէ այլ այդ փաստը վկայող տվյալ», - ասաց Համբարձումյանը։

«Ազատության» հարցին՝ «Դուք փաստաթղթին ծանոթանալուց հետո կասկածներ ունեք, որ այդ փաստաթուղթը ճիշտ չէ կամ ինչ-որ բան կեղծվա՞ծ է այնտեղ, ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանեց. «Փաստաթղթից դատելով ես չեմ կարող ասել, որ իսկապես այդ փաստաթուղթը վկայում է, որ Եզրաս Սրբազանը կամ ցանկացած որևէ այլ, ում վերաբերյալ նման փաստաթուղթ կարող է կազմված լինել, որ այդ անձը համագործակցել է հատուկ ծառայությունների հետ, ունեցել է ծածկանուն և այլն, որովհետև կրկնում եմ, ես այդտեղ չտեսա այդ անձի ստորագրությունը: Նման փաստաթուղթ կարող է կազմվել ցանկացածի վերաբերյալ»։

Համբարձումյանն ընդգծեց՝ ինքը դժվարանում է եզրակացնել այդ փաստաթղթից, որ անձը համագործակցել է հատուկ ծառայության հետ:

Իսկ ի՞նչ ընթացակարգերով են նման փաստաթղթերը գաղտնազերծվում և ի՞նչ պայմաններում:

«Հիմա օրենսդրությունը փոխվել է, ես հիմա չեմ կարող հղում անելով ասեմ, բայց փաստը նա է, որ ընդհանրապես ագենտուրային վերաբերվող տվյալները համարվում են հույժ գաղտնի փաստաթղթեր։ Ես չեմ պատկերացնում, ես չգիտեմ, թե ինչ նորմատիվ ակտի հիման վրա է գաղտնազերծումը իրականացվել», - ասաց նախկին ԱԱԾ-ականը:

Համբարձումյանը հավելեց՝ դրանք հույժ գաղտնի տվյալներ են, և դրանց հրապարակման համար քրեական պատասխանատվություն են նախատեսվում. «Նման տվյալները համարվում են պետական գաղտնիք»։

Իսկ ինչպե՞ս կբացատրի այն, որ բլանկը հայերենով է, ԱԱԾ նախկին տնօրենն ասաց. «Եթե 2001 թվականին է կազմված, կարող է նաև հայերեն լինել»։

Գործակալ լինելու մեղադրանքներ նաև Փաշինյանի թիմակցի հասցեին են հնչել

Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում օտարերկրյա գործակալ լինելու մեղադրանքներ են հնչում: Չորս տարի առաջ՝ դարձյալ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն էր փաստաթղթեր հրապարակել՝ պնդելով, թե արտգործնախարար Արարատ Միրզոյանը 2007-ին հավաքագրվել է ԱԱԾ-ի կողմից: ԱԱԾ-ն այդ ժամանակ հերքել էր այդ տեղեկությունը: Միրզոյանը հերքել էր գործակալ լինելու մեղադրանքները՝ միևնույն ժամանակ ընդունել, որ համագործակցել է հայաստանյան Ազգային անվտանգության ծառայության հետ և փաստաթղթի տակ դրված է իր ստորագրությունը:

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ինձ որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտի ու գիտաշխատողի, Հայաստանի ազգային արխիվի հասարակական, քաղաքական փաստաթղթերի բաժնի աշխատակցի, որպես պատմաբանի, ով այդ շրջանում Ցեղասպանության տարբեր հիմնահարցերին վերաբերող հոդվածներ էր գրում նաև արտասահմանյան պարբերականներում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ դիմել է ինձ և խնդրել, առաջարկել աջակցել իրենց այս օրակարգով: Սա է ամբողջը: Ես որպես ուղղակի հայրենասեր մարդ ու մասնագետ իմ պատրաստակամությունն եմ հայտնել հենց այս հարցով օժանդակելու մեր անվտանգության ծառայությանը: Այսինքն՝ այդ փաստաթուղթն իսկապես գոյություն ունի, ինչ վերաբերում է մնացած հատվածի, բնականաբար, հիվանդագին ցնորք է», - «Ազատության» հետ զրույցում ասել էր Միրզոյանը: