Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է Դոնի Ռոստովի, Բատայսկի և Տագանրոգի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին։
Նրա խոսքով՝ Դոնի Ռոստովում բեռնատար նավ է հրդեհվել, որի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ, իսկ երեքը՝ վիրավորվել։ Ուկրաինական մոնիթորինգային Exilenova+ տելեգրամյան ալիքը գրել է, որ խոսքը վերաբերում է «Վալերի Գորչակով» տանկերին, որը նախատեսված է տարբեր տեսակի նավթամթերքի փոխադրման համար։ Այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել։
Բատայսկում հրդեհվել են երկու մասնավոր տներ, ինչի հետևանքով վիրավորվել է յոթ մարդ։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրանցից մեկի կյանքը. հայտնել է Սլյուսարը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ անցած գիշեր խոցվել է ուկրաինական 77 ԱԹՍ, այդ թվում՝ Ռոստովի մարզի հատվածում։
Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել այս մասին տեղեկությունները։