Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում օրեր առաջ տեղադրված Պարույր Սևակի արձանը հայտնվեց հանրային քննարկումների կիզակետում։
«Ես Սևակ եմ տեսնում», - Զանգակատան միջնակարգ դպրոցի տնօրենը տարակուսած է:
12 օր առաջ բակում հանդիսավոր բացեցին Պարույր Սևակի արձանը, հանգիստ, սուս ու փուս հարմարվում էին մեծ պոետի ներկայությանը, մեկ էլ սոցցանց սպրդեց արձանի մի լուսանկար ու պայթեց՝ «սա խեղկատա՞կ է, թե՞ պոետ»:
Դպրոցի տնօրեն Հայկազն Ադամյան
«Մեզ համար անսպասելի էր, որ համացանցում այս աղմուկը եղավ, խոսակցությունները», - ասաց Հայկազն Ադամյանը:
Ոչինչ չէր հուշում փոթորկի մասին: Դպրոցական կոլեկտիվում մոտեցան արձանին, տեսան՝ նման չէ, բայց ըստ տնօրեն Հայկազն Ադամյանի՝ որոշեցին յուրովի մոտենալ, մի խոսքով՝ սիրով ընդունեցին:
Ամեն ինչում լավն է փորձում տեսնել Սյուզի Կարապետյանը՝ անգլերենի ուսուցչուհին. «Որպես հանճարի ներկայություն եմ ընկալում, ոչ թե արվեստի գործ»:
Առաջարկում է չմոռանալ, որ արձանը քանդակել ու համայնքին է նվիրել 88-ամյա ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը. «88 տարեկան հասակում ստեղծել գործ ու նման կոռեկտության սահմաններն անցնող քննադատությունների արժանանալ, ինձ համար անընդունելի է»:
Դպրոցում դժվար ընկալվեց, բայց ի վերջո ընդունեցին՝ հատկապես, որ հասկացվում է՝ Պարույր Սևակն է:
«Որ աչքդ ամեն օր հառնում է հայացքին, մի քիչ սովորական է դառնում, բայց առաջին օրը, որ բերեցին, շատ զառամյալ հիվանդ ծերունու տեսք ուներ, ինքը տենց չի էլի», - ասաց դպրոցի աշխատակից Գայանե Հովսեփյանը:
«Հեռվից եմ տեսել, վախեցել եմ մոտենալ», - ասում է գյուղապետարանի խաղասենյակում ժամանակ անցկացնող տղամարդը:
Զանգակատունցիների մի մասը կտրուկ է տրամադրված. հենց գյուղապետարանի դիմաց Պարույր Սևակի՝ իրենց մեծ համագյուղացու դիմաքանդակն է, շատ են հավանում, չի՞ լինի դրան նմանեցնեն:
«Եթե չեն ձևափոխում, թող տանեն, այնպիսի տեղ, որ մենք չտեսնենք», - ասում են նրանք:
Ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը
«Խելքին մոտ բա՞ն է, ուրեմն գյուղացին պիտի որոշի՞ էս քանդակը լավն է, թե լավը չի», - ասաց Լևոն Թոքմաջյանը:
Այն, ինչ գյուղացիները տեսնել չեն ուզում, հեղինակն ինքը անվանում է հրաշք. «Ես հոգի եմ արտահայտում, զգացմունք եմ արտահայտում, սրանով ես արտահայտել եմ իր ըմբոստությունը»:
Երևի ակնկալում էին, որ Սևակի լուսանկարն են տեսնելու, դառնանում է ժողովրդական նկարիչը: Իմպրովիզացիա է, ընդ որում, սա բոլորովին էլ Սևակի արձանը չէ, այլ նրան նվիրված ստեղծագործություն. «Անլռելի Զանգակատուն», բացատրում է քանդակագործը:
Չեն հասկանում, որ գյուղը, արձանի տարածքը ուխտատեղի է դառնալու՝ Լևոն Թոքմաջյանը չի կասկածում: Սևակի արձանի շուրջ աղմուկը արդեն իսկ քաղաքացիների է բերում Զանգակատուն: Նունե Կրպոյանը մառախուղի միջով կիլոմետրեր էր հաղթահարել, որ տեսնի, թե ինչի մասին են այդքան խոսում. «Չեմ ուզում վիրավորած լինեմ, բայց՝ нет, ուս գոյություն չունի, ձեռքերը կարճ, մատները բոլորը նույն երկարության»:
Նունեն նկարչուհի է, Լևոն Թոքմաջյանին լավ արվեստագետ է համարում, բայց Զանգակատան դպրոցի բակում «Անլռելի Զանգակատուն» չի տեսնում: Տեսնում է բազմաթիվ անցքեր տրավերտինի վրա, որոնք կլցվեն ջրով ու առանց այդ էլ խնդրահարույց քանդակը կճաքճքի... Տրավերտինն անցքեր ուներ, այո, ու դա շատ է դժվարացրել քանդակագործի կյանքը, բայց փոխարենն, ըստ Թոքմաջյանի, մազերը լավ ստացվեցին:
Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից կհեռացվի Պարույր Սևակի արձանը
Քանդակագործը չհարցրեց, բայց բորբոքված քննարկումներից հետո Սևակի տուն թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը, որ բանաստեղծի թոռն է, որոշեց հարցում անցկացնել, ասում է՝ խնդիրն իր կարծիքը չէ, իրեն Սևակի արձանների 90 տոկոսը դուր չեն գալիս, բայց այս դեպքում քանդակի պատճառով բազմաթիվ օգտատերեր թիրախավորել էին բացմանը մասնակցած դպրոցականներին, համայնքի բնակիչներին:
«Զանգակատուն գյուղինն էր այդ նվերը ու Զանգակատուն գյուղն էլ պետք է որոշի՝ պահպանում է այդ նվերը, թե՝ ոչ: Քվեարկության արդյունքում 80 տոկոսը համարյա՝ 79,9 տոկոսը քվեարկեց արձանը հեռացնելու օգտին», - ասաց Ղազարյանը:
300 հոգի է քվեարկությանը մասնակցել: Որոշված է՝ երևի վաղը քանդակը կհեռանա գյուղից, պարզ չէ, որ ուղղությամբ:
Լավ կլինի մի քիչ ձևափոխեն ու հետ բերեն. ասում է դպրոցի տնօրենը. այնուամենայնիվ, արձանից բաժանվել չեն ուզում. այս հարձակումներից հետո նույնիսկ հարազատության զգացում կա պատուհանից երևացող Սևակին նվիրված տրավերտինի բեկորի հանդեպ:
«Նեղանում եմ, որ ինձ չեն հասկանում», - ասաց Թոքմաջյանը:
Իսկ ժողովրդական նկարիչը վիրավորված է, չհասկացան իրեն ու իր ստեղծագործությունը: Ըստ Լևոն Թոքմաջյանի՝ ամբողջ կյանքում էր փորձում Սևակ քանդակել, չէր ստացվում, ստացվել է հիմա: