«Ամեն բառի պատասխանատվությունը գիտակցելով հայտարարում եմ՝ Սամվել Կարապետյանը նշված գործողությունների հետ, նշված գործողությունների շրջանակներում հարուցված վարույթի հետ ունի 0 առնչություն», - Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունում երեկ տեղի ունեցած խուզարկության մասին է միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանի Արամ Վարդևանյանի այս հայտարարությունը։
Քննչական կոմիտեից այսօր էլ չեն ասում՝ ի՞նչ էին 5 ժամ շարունակ փնտրում Արցախի ներկայացուցչության շենքում, ի՞նչ գտան և ի՞նչ կապ ունի այս ամենի հետ «Տաշիր գրուպի» սեփականատերը։
«Ինչ առգրավել են, ես կարծում եմ, դրանք վարույթի համար որևէ էական նշանակություն ունենալ չեն կարող», - ասել է փաստաբան Ռոնամ Երիցյանը:
Մինչ իրավապահները լռում են, փաստաբան Ռոման Երիցյանից երեկ տեղեկացանք, որ քրեական վարույթը, որի շրջանակներում իրականացվում էր խուզարկությունը, նախաձեռնվել է այս տարվա հունիսին և կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։ Երիցյանը նաև ակնարկել էր՝ դատարանն իր որոշման հիմքում դրել է Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը: Փակագծեր չբացելով՝ փաստաբանը երեկ չբացառեց, որ Արցախի ներկայացուցչությունում խուզարկությունը իրականացվում է այլ քաղաքական հետապնդումների համատեքստում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խուզարկություն՝ Արցախի ներկայացուցչությունում. ի՞նչ էին փնտրում քննիչները«Ազատության» հարցին՝ ո՞ր քաղաքական հետապնդումների մասին է խոսքը, փաստաբանը պատասխանել էր. «Այս պահի դրությամբ գրավոր նախազգուշացվել եմ նախաքննական ինձ հայտնի դարձած տվյալները չհրապարակելու մասին: Սամվել Կարապետյանի վերաբերյալ բացի բարեգործական գործողութուններին վերաբերելի փաստաթղթերից ոչինչ այստեղից չեն կարող գտնել, այնուամենայնիվ հիմքում ի թիվս այլոց դրված է նաև այդ հանգամանքը: Դրանից կարելի է հետևություն անել, որ փորձել են նաև այստեղից էնպիսի բան հայտնաբերել, որ կարող են օգտագործել այդ վարույթի շրջանակներում»:
«Արցախի ներկայացուցչությունում կարող էին գտնել նաև Սամվել Կարապետյանի, եթե չեմ սխալվում, շուրջ 50 միլիոն դոլարից էլ ավելի կատարած բարեգործությունները Արցախի Հանրապետությունում, որի համար 2021 թվականի հունիցի 18-ից հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, բայց ավելի լավ կլիներ, որ քննիչները գնային ու Ստեփանակերտում կատարեին քննչական գործողություն: Իրավական փոխօգնության շրջանակներում, վստահ եմ, Ադրբեջանից քննիչներ կան, որ կարող են բազմաթիվ փաստաթղթեր տալ ընդդեմ Սամվել Կարապետյանի: Թող իրավական փոխօգնությունով դիմեն, ստանան, ասեն՝ ինչի՞ համար է Սամվել Կարապետյանը բարեգործություն արել Արցախում», - նշեց Վարդևանյանը:
Երբ քննիչները խուզարկում էին Արցախի ներկայացուցչության շենքը, պետնախարարի պարտականությունները կատարող Նժդեհ Իսկանդարյանը լրագրողներին հայտնեց, թե փորձում են գտնել Արցախի Ներդրումային հիմնադրամի վերաբերյալ ինչ-որ փաստաթղթեր։ Վստահ էր՝ ոչինչ էլ չեն գտնի, քանի որ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը դեռ 2023-ին ինքնակամ դիմել է դատախազին, հարուցվել է քրեական գործ, Շահրամանյանը որպես վկա հարցաքննվել է, իսկ ներդրումային հիմնադրամի կրիչներն առգրավվել էին դեռ այն ժամանակ:
«Մենք բոլոր փաստաթղթերը բռնի տեղահանումից հետո ներկայացրել ենք Քննչական կոմիտե», - ասել է Իսկանդարյանը:
Արցախի ներդրումային հիմնադրամը 2018-ին էր ստեղծվել՝ Արցախի տնտեսական զարգացմանն աջակցելու համար: Արցախի հայաթափումից հետո դրա մութ գործարքների շուրջ հարցեր առաջացան։ Գարնանը մի խումբ արցախցիներ ներկայացուցչության դիմաց բողոքի էին դուրս եկել՝ պահանջելով Շահրամանյանից պատասխանել՝ «ո՞ւր են անհետացել ներդրումային հիմնադրամի միլիոնները, ովքե՞ր են դրանք թալանել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հիմա բոլորին մեղադրում են թալանի մեջ, բայց դա պետք է ստանա իրավական գնահատական». Շահրամանյան«Ես կողմ եմ, որպեսզի այդ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բացահայտվեն, մեղավորները պատժվեն, վերջապես ժողովուրդն իմանա՝ ովքեր են մեղավորները ու դա չպրոեկտվի բոլորի վրա: Մեր համար էլ է շատ դժվար, որովհետև այսօր, ինչպես նշում եք, նախագահին են փորձում թիրախավորել, մեղադրել», - ասել է Սամվել Շահրամանյանը:
Այս տարիների ընթացքում միլիարդատեր Սամվել Կարապետյանի անունը երբեք չէր շոշափվել այս թեմայով. Քննչական կոմիտեն շարունակում է լռել, Արցախի ներկայացուցչության փաստաբան Երիցյանը խոստանում է առաջիկայում փակագծեր բացել, արդեն 7 ամիս ճաղերի ետևում գտնվող Կարապետյանի փաստաբաններն էլ այսօր հայտարարեցին՝ նախաքննական գաղտնիքը թույլ չի տալիս փաստաթղթեր հրապարակել, որոնք կբացառեն Կարապետյանի մասնակցությունը այս ամենին: