Թրամփը «չափազանց հիասթափված է» ռուս-ուկրաինական պատերազմի երկու կողմերից էլ. Քերոլայն Լևիթ

Դոնալդ Թրամփը «չափազանց հիասթափված է» ռուս-ուկրաինական պատերազմի երկու կողմերից էլ, հայտարարել է Սպիտակ տան խոսնակը։ Քերոլայն Լևիթն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը «հոգնել է հանդիպումներից, որոնք անցկացվում են զուտ հանդիպելու համար» և «այլևս չի ուզում խոսել․ նա ուզում է գործողություններ»:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտ է կողմերի միջև համաձայնությանը. «Իրականում, բացառությամբ նախագահ Զելենսկու, նրա շրջապատին դուր է գալիս այս համաձայնագրի հայեցակարգը», - ասել է նա, հավելելով, խաղաղության ծրագիրը բաղկացած է «չորս կամ հինգ տարբեր մասերից»:

«Խոսքը տարածքները որոշակի ձևով բաժանելու մասին է, և դա ամենահեշտ բանը չէ», - ասել է ԱՄՆ նախագահը, հավելելով, որ համաձայնագիրը կարող է օգնել փրկել «հազարավոր և հազարավոր կյանքեր»:

Թրամփը հայտարարել է նաև, որ Միացյալ Նահանգները կմասնակցի եվրոպացի և ուկրաինացի ներկայացուցիչների հետ վաղը կայանալիք խաղաղ բանակցություններին, եթե բանակցություններում առաջընթացի «մեծ հնարավորություն» լինի։ «Մենք չենք ուզում ժամանակ վատնել», - հավելել է նա։

Axios-ի տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա Փարիզում։ Կմասնակցեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության և Ուկրաինայի ներկայացուցիչները։