«Վերադարձի թեման շատ վտանգավոր է». Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է համատեղ ճանապարհային քարտեզ մշակել

«Ադրբեջանը մի կողմից ասում է «Արևմտյան Ադրբեջան», մյուս կողմից ասում է՝ «գրված է՝ ղարաբաղյան հայեր»: Ես 2025-ի օգոստոսի 18-ի իմ ուղերձում ասել եմ, որ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է», - Համբուրգում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ փաստաթղթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը:

«Եվ ես ուզում եմ հիմա բաց, հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ, որովհետև որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ ասում են՝ պիտի վերադառնանք և այլն, ես ասել եմ՝ դա իրատեսական չէ։ Բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանությունը։ Հիմա պետք է հասկանալ, թե որը որի պատճառն է, որն է պատճառ և որը հետևանք։ Ես ասում եմ՝ եկեք նստենք, ճանապարհային քարտեզ մշակենք՝ ոնց ենք այդ թեման հանում, որովհետև այդ թեման հանելը նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բառացել որևէ կոնֆլիկտային իրավիճակ», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», և այո, ընդունում եմ նաև, որ եթե մենք ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն դա պետք է ամբողջական իրականացնենք»։

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ստորագրված ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին, և Երևանից ու Բրյուսելից ակնկալում են արդեն իսկ ստորագրված փաստաթղթից Բաքվին դուր չեկած ձևակերպումների հեռացում: Արձագանքելով այս հայտարարությունը Երևանը նշել ՝ ՀՀ-ԵՄ փաստաթուղթը միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության ջանքերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ԵՄ փաստաթուղթը միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության ջանքերին. Երևանն արձագանքում է Բաքվին