ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները միջամտում են Եկեղեցու գործունեության ինքնավարությանը. ՀԿ-ների հայտարարությունը

Հայաստանյան մի շարք ՀԿ-ներ խորը մտահոգությունն են հայտնում «վերջին շրջանում Հայաստանում տեղ գտած արատավոր իրադարձությունների վերաբերյալ»:

«Այսօր ականատես ենք լինում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, իրավունքի գերակայության սկզբունքի, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների և դատաիրավական համակարգի մարմինների անկախության ոտնահարումների, ինչպես նաև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Եկեղեցու) ինքնավարության՝ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանված իրավունքի կոպիտ խախտմանը։ Հայաստանի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները շարունակում են միջամտել Եկեղեցու գործունեության ինքնավարությանը և ազատությանը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, Կրոնի կամ համոզմունքի ազատության միջազգային նորմերը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային որոշումները», - ասված է հայտարարությունում։

Մի շարք ՀԿ-ների և քաղհասարակության ներկայացուցիչներ ապօրինի և դատապարտելի են համարել «իշխանության փորձերը միջամտելու եկեղեցական կառավարման մարմինների ձևավորմանը և ներքին որոշումների կայացմանը»:

«Խստորեն դատապարտելի է նաև ՀՀ ուժային կառույցների, ներառյալ Ազգային անվտանգության ծառայության, կողմից Եկեղեցու սպասավորների նկատմամբ ճնշման գործադրումը։ Նման գործելաոճը ոչ միայն պետական պաշտոնատար անձի լիազորությունների չարաշահում է, այլև Ազգային անվտանգության ծառայության գործունեության նպատակներից և խնդիրներից անթույլատրելի շեղում։ Մտահոգիչ ենք համարում նաև քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի գործադրումը Եկեղեցու սպասավորների նկատմամբ, անօրինական և անհարկի ազդեցություն ունենալու նպատակով, այդ թվում՝ կալանավորումը՝ որպես պատիժ և հանրային իշխանություններին ցանկալի վարքագծի դրսևորման նպատակով գործիք կիրառելը։ Անընդունելի է հանրային իշխանության ամենաբարձր քաղաքական մակարդակով շարունակվող և Եկեղեցու սպասավորների նկատմամբ ատելություն ու վիրավորանք պարունակող խոսույթի ձևավորումը, անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների ապօրինի տարածումը՝ գործի դնելով, ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր տեղեկատվական խողովակները», - ասված է քաղհասարակության ներկայացուցիչների տարածած հայտարարությունում:

Նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են «ձեռնպահ մնալ ՀՀ Սահմանադրությունը և ներպետական օրենքները, ՀՀ միջազգային իրավական պարտավորությունները խախտող գործողություններից՝ Եկեղեցու գործունեության ազատությունն ու ինքնավարությունը, ինչպես նաև դատական իշխանության մարմինների և իրավապահ համակարգերի վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց»:

Ընդհանուր առմամբ հայտարարության տակ ստորագրել են 29 ՀԿ-ների և քաղհասարակության ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը», Երևանի մամուլի ակումբը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեն, Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ն և այլ կազմակերպություններ և քաղհասարակության անդամներ: