Արամ Ա-ն իշխանություններին հորդորել է հեռու մնալ «եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից»

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Հայաստանի իշխանություններին կոչ է անում հեռու մնալ Սուրբ Էջմիածինի ներքին կյանքին ու խնդիրներին միջամտելու, եկեղեցու ներսում պառակտումներ մտցնելու «հակասահմանադրական ու անընդունելի քայլերից»: Սրանք, ըստ Արամ Ա-ի, կարող են ոչ միայն եկեղեցին, այլև ազգն ու երկիրը տանել ինքնակործանման:

«Հեռու մնացեք եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից», - նշել է նա արված հայտարարության մեջ:

Արամ Ա կաթողիկոսը շեշտել է, որ նախորդ ամիսներին խորը մտահոգությամբ են հետևել Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, փորձել տարբեր առիթներով ու միջոցներով հանդարտեցնել, սակայն այսօր իրավիճակը դարձել է ավելի վտանգավոր՝ անկանխատեսելի հետևանքներով:

Կիլիկիո կաթողիկոսը Էջմիածնին կոչ է արել համբերատարությամբ ու խոհեմությամբ այս ամենի դեմն առնել, համախմբվել Գարեգին Երկրորդի շուրջ և եղած խնդիրները քննել կանոնական ընթացակարգով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսից պնդում է, որ Գարեգին Երկրորդը խախտել է կուսակրոնության ուխտը և պետք է հեռանա: Նախորդ շաբաթ էլ խորհրդարանական ամբիոնից նա կաթողիկոսին մեղադրեց գործակալ լինելու մեջ: Արդեն չորս սրբազան է կալանավորված տարբեր մեղադրանքներով: Նրանք այդ մեղադրանքները չեն ընդունում: Մայր Աթոռը այս ամենը որակում է շինծու և կեղծ:

Նոյեմբերի 29-ին 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ, նրանց թվում՝ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցածները, հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով Գարեգին Բ-ին կամովին հանգստյան գնալ:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զուգահեռ պատարագներ Գյումրիում. Յոթ Վերքում այն մատուցեց Արմավիրի թեմի քահանան Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվում է՝ պայմանավորված բռնաճնշումներով. Մայր ԱթոռՄենք բանալիները չենք հանձնել, բիրտ ուժով արված պատարագը պատարագ չէ. Տեր ՆշանԵկել է ժամանակը, որ Մայր Աթոռում պատարագ անցկացնենք. Ալեն ՍիմոնյանԱրշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով. Գարեգին Երկրորդ