Ոլորտներից մեկը, որ դիտարկում ենք, նավթի և նավթամթերքի արտահանումն է Ադրբեջանից Հայաստան. Հաջիև

Համագործակցության ոլորտներից մեկը, որը դիտարկում ենք, նավթի և նավթամթերքի արտահանումն է Ադրբեջանից Հայաստան, Դոհայի միջազգային ֆորումին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նա նշել է, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի վերջին հանդիպմանը սահմանազատման գործընթացից զատ, քննարկել են նաև երկու երկրների միջև փոխադարձ առևտրի որոշ ոլորտներ։

«Այն ոլորտներից մեկը, որը մենք ներկայումս դիտարկում ենք, նավթի և նավթամթերքի արտահանումն է Ադրբեջանից Հայաստան։ Սա նաև աննախադեպ զարգացում է», - նշել է Հաջիևը:

Հաջիևն իր խոսքում կրկին կիրառել է «Զանգեզուրի միջանցք» տերմինը, ինչի հետ քննարկման մյուս բանախոսը՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի համաձայնել՝ շեշտելով, որ դա միջանցքի վերաբերյալ օգտագործվող տերմինը դա անընդունելի է հայկական կողմի համար:

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած գագաթնաժողովում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարները ստորագրել են մի փաստաթուղթ, որտեղ ճանապարհի ապաշրջափակումը կոչվում է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղություն և բարգավաճում»:

«Եվ մենք հավատարիմ ենք այս տերմինին», - ասել է նա:

Գրիգորյանը հավելել է, որ հայ ժողովուրդը պատրաստ է խաղաղության:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպումը, որի մասին հիշատակել է Հաջիևը, կայացել է նոյեմբերի 28-ին ադրբեջանական Գաբալա քաղաքում:

Այս նիստից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունում նշվում էր, որ կողմերը վերահաստատել են նախկին՝ հյուսիսից հարավ սահմանազատելու համաձայնությունը, նաև քննարկել սահմանազատման համար անհրաժեշտ ուղեցույցերի նախագծերը, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: