Հանձնաժողովի նիստերից բացակայելու հիմնավորմամբ անցած տարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մանդատից զրկել էր Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ, «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին:
Երևանի առաջին ատյանի վարչական դատարանն օրերս վճռել է՝ անվավեր ճանաչել ավագանու այդ որոշումը:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է անհապաղ նիստ գումարի և վերականգնի իմ լիազորությունները, ես ինքս պատրաստվում եմ հաջորդ նիստին ներկա գտնվել, եթե այդ որոշումը այլևս գոյություն չունի, ոչինչ ինձ չի խանգարում վերադառնալ իմ աշխատանքին: Եթե բողոքարկվի, պետք է սպասենք՝ հաջորդ ատյանի դատարանն ինչ որոշում կընդունի», - ասաց Երիցյանը:
Ավագանու իշխող խմբակցության ղեկավար Արման Գալջյանն այսօր հրաժարվեց այս թեմայով որևէ մեկնաբանություն տալ: Նախորդ տարի, սակայն, ավագանու նիստում ինքն ու քաղաքապետ Ավինյանը պնդել էին՝ Երիցյանը լինելով ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 7 նիստից 6-ին չի ներկայացել: Նրանց այս հայտարարությանը հենց դահլիճում հակադարձել էր Երիցյանն ու հայտարարել, որ դատարան է դիմելու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ընդդիմադիրներից ազատվելու հերթական փորձն է». ավագանու երեք անդամ զրկվեց մանդատիցԸստ դատարանի՝ Երիցյանը փաստացի իրացրել է բոյկոտի իրավունքը, այդ հիմքով մանդատից զրկելը համարել ոչ իրավաչափ: Ավագանու նախկին անդամն ասում է՝ իրեն թիրախավորել են քաղաքական հայացքների համար. «Իրականում ես որոշակի նիստերի ներկա եմ եղել, բայց հրաժարվել եմ ստորագրել իրենց պատրաստած այդ թղթի կտորը, որը որևէ արժեք չունի: Իսկ իրենց ստորագրությունները կան: Ստացվում է, որ ՔՊ ավագանիները բոլորը միշտ մասնակցում են բոլոր հանձնաժողովի նիստերին, մինչդեռ դա այդպես չէ և քանի որ այդ մասնակցության թերթիկը՝ ներկա- բացական գտնվում է այդ հանձնաժողովի նախագահի մոտ, քանի որ վարչարարություն նորմալ չի արվում, ինքը կարող է նիստից հետո՝ մեկ շաբաթ անց իր կոլեգային տա, ասի՝ ստորագրիր, որ ներկա ես եղել: Այսինքն, այդ վարչարարության հիմքով էլ դատարանը խնդիր է գտել, որովհետև ավագանու անդամներ, որոնք երբևէ չեն եղել նիստին, շարունակում են աշխատել, ես, որ միշտ եղել եմ բոլոր նիստերին, զրկվել են իմ մանդատից, այսինքն, թիրախավորված մոտեցում քաղաքական հայացքների բերումով»:
Քաղաքապետարանից «Ազատությանը» հայտնեցին, որ կբողոքարկեն դատարանի այս որոշումը. «Հայաստանի Հանրապետությունում գործում է եռաստիճան դատական համակարգ ու վճիռը դեռևս առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռ է, որն օրինական ուժի մեջ մտած չէ, հետևաբար, որն օժտված չէ պարտադիր կատարման պահանջով: Վճիռը ենթակա է բողոքարկման Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարան հարապարակման պահից 1-ամսյա ժամկետում: Վճռի դեմ Երևանի քաղաքապետարանի կողմից օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում կներկայացվի վերաքննիչ բողոք»:
Երևանի քաղաքապետարանից նաև նշում են, որ բացակայության հիմքով մանդատից զրկելու դեմ էլի հայցեր են եղել, որոնք դատարանում մերժվել են: Քաղաքապետարանից անուններ չեն նշում: Ավելի վաղ մանդատից զրկվել էին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, «Հանրային ձայն» խմբակցության նախկին անդամներ Անուշ Գինոսյանն ու Անուշ Խուդավերդյանը:
Գրիգորի Երիցյանի փաստաբան Քրիստ Հովսեփյանը հաշվի առնելով դատարանների ծանրաբեռնվածությունն, ասաց՝ եթե քաղաքապետարանը բողոքարկի, իրենք միջնորդություն կներկայացնեն դատարան. «Մեր միջնորդությունը կբավարարվի, նա կվերականգնվի որպես ավագանու անդամ մինչև վարչական վերաքննիչ դատարանը վճիռը կտա»:
Բացի այդ, ըստ փաստաբանի, քաղաքապետարանն այս որոշմամբ խախտել է իր պաշտպանյալի սահմանադրական իրավունքը:
Դատարանի այս որոշումն ուժի մեջ կտնի մեկամսյա ժամկետում: