«Արդարության վերականգնումից» «կորուսյալ հայրենիքի փնտրտուքի դադարեցում». Փաշինյանի փոխված շեշտադրումները

Պաշտոնավարման 6 տարիների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձների շեշտադրումներն էապես փոխվել են՝ «արդարության վերականգնումից» ու «պանթուրքիստական գաղափախոսության» դատապարտումից մինչև «Ցեղասպանության հոգեցնցման վիճակի հաղաթահարում» և «կորուսյալ հայրենիքի փնտրտուքի դադարեցում»։

2018-ի հեղափոխությունից հետո՝ Փաշինյանը 2019-ի ապրիլքսանչորսյան առաջին ուղերձում խոսում էր արդարության վերականգնման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության, հայրենիքում ապրելու իրավունքից զրկված լինելու մասին. - «Ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից: Պայքարելով արդարության վերականգնման համար՝ մենք ձեռք կբերենք անմահություն։ Ուստի, մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

2020-ի ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձ հղեց Ծիծեռնակաբերդի բարձունքից։ Ընդ որում, անցած տարիների ընթացքում առաջին ու վերջին անգամ խոսքն ուղղեց ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի ու Սփյուռքի հայությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ցեղասպանության ճանաչումը համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց. Նիկոլ Փաշինյան

Հենց 2020-ի ապրիլին Փաշինյանը խոսեց ոչ միայն օսմանյան Թուրքիայի հայատյացության, այլև այսօրվա Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին՝ հայտարարելով՝ հիշում և պահանջում է։

«Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում:

Եվ ուրեմն, կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե Արցախի Հանրապետությունը,

Կեցցե հայկական Սփյուռքը», - ասված էր այդ ուղերձում։


2021-ի ուղերձում Փաշինյանն արդեն ուղիղ պնդեց՝ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել պանթյուրքիզմի գաղափարախոսության հետևանքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան. Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն է  

«Ովքե՞ր էին այդ սարսափելի հանցագործությունների մեղավորները, ովքե՞ր էին դրա պատասխանատուները։ Պատասխանը միանշանակ է՝ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը՝ թուրքիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ, որի առանցքային նպատակներից էր մոնոէթնիկ և ծավալապաշտական Թուրքիայի ստեղծումը, ինչն իր հերթին ծնել էր հայատյացության և ազգային ու կրոնական փոքրամասնություններից ազատվելու գաղափարը», - նշված էր երկրի ղեկավարի այդ ուղերձում։

2021-ի ապրիլի 24-ին, այսինքն՝ 2020-ի 44-օրյա պատերազմից 7 ամիս անց, Փաշինյանը զգուշացնում էր՝ Թուրքիայի ցեղասպան գաղափարախոսությունը վերածնվում է. - «Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են։ Հայատյացությունը պանթյուրքիզմի էության մեջ է, իսկ դրա ամենազազրելի դրսևորումներն այսօր տեսնում ենք Ադրբեջանում այդ երկրի իշխանությունների կատարմամբ»։

Միաժամանակ, Փաշինյանն առաջին անգամ խոսում է տարաշածրջանային երկխոսության մասին՝ ընդգծելով, որ դա չպետք է լինի ուժի դիրքերից. - «Մենք երբևէ հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության եղելությունը, և թող որևէ մեկը չկարծի, որ որևէ հայ, Հայաստանի կամ Սփյուռքի որևէ քաղաքական հոսանք երբևէ կդավաճանի մեր անմեղ զոհերի հիշատակը և կդառնա Հայոց ցեղասպանության մեղսակից»։


2022 -ի ապրիլի 24 -ին արդեն Փաշինյանն ընդգծեց՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը: Առաջին անգամ հենց 2 տարի առաջ այս օրը նա խոսեց «խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

«Այս օրակարգը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին: Այս է պատճառը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարում: Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են, և մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ», - շեշտել էր նա:

Անցած տարվա ուղերձում արդեն Փաշինյանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին չխոսեց՝ ընդգծելով միայն, թե իր կառավարությունն ունի տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու կամք ու կարողություն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանից ու Արցախից ահազանգում են նոր ցեղասպանության վտանգի մասին

Այսօր արդեն՝ պաշտոնավարման վեցերորդ տարում վարչապետն այլևս չի խոսում Թուրքիայի հայատյաց քաղաքականության, պանթուրքիստական գաղափախոսության ու դրա վերածննդի և ոչ էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության մասին։

Եվ եթե 4 տարի առաջ նա Ցեղասպանության պատճառ էր համարում պանթուրքիստական գաղափարախոսությունն ու Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները, ապա այսօր արդեն խոսում է աշխարհաքաղաքական խարդավանքների մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի». Փաշինյան

«Պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ», - ասված է 2024-ի ուղերձում։

Փաշինյանի այսօրվա ուղերձում նոր բառ է հայտնվել՝ հոգեցնցում, որն օգտագործում է 6 անգամ։ Ընդգծելով, որ Մեծ եղեռնը հոգեցնցում դարձավ հայերի համար, Փաշինյանը շեշտում է, որ այսօր էլ հայ ժողովուրդը այն չի հաղաթահարել, ինչի պատճառով էլ չի կարողանում ճիշտ զատորոշել իրողությունները. - «Գուցե նաև սա է պատճառը, որ մենք ստանում ենք նորանոր ցնցումներ՝ Հայոց ցեղասպանության հոգեցնցումը վերապրելով արդեն որպես ժառանգություն և որպես ավանդույթ:

Մենք պիտի գնահատենք Մեծ եղեռնի և Հայաստանի Առաջին Հանրապետության հարաբերությունները, մենք պետք է Մեծ եղեռնի ընկալումը հարաբերենք Հայաստանի Հանրապետության՝ մեր ազգային պետականության կենսական շահերի հետ»:

Այսօրվա ուղերձը վարչապետը եզրափակում է կորուսյալ հայրենիքի փնտրտուքը դադարեցնելու հորդորով. - «Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում»: