Կրեմլը հաստատում է խաղաղապահների դուրսբերման մեկնարկը Լեռնային Ղարաբաղից

Խաղաղապահները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում, 13-ը նոյեմբեր, 2020թ․

Կրեմլը հաստատում է Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները։

«Դա իրոք այդպես է», - լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում ադրբեջանցի մի շարք օգտատերեր Լեռնային Ղարաբաղից դեպի Գյանջա ուղևորվող ռուսական ռազմական շարասյունների տեսանյութեր էին հրապարակել։ Ադրբեջանական APA-ն էլ գրել էր, որ ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքի համալիրից։

«Այսպիսով, Ադրբեջանի տարածքից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը մեկնարկել է», - հավելել էր APA գործակալությունը։

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, սակայն, այսօր հաղորդել էր, թե Ադրբեջանի իշխանությունները չեն հաստատում խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները։

«Սոցցանցերում հրապարակված նյութերը այսօր չեն տեսագրվել», - «Թուրան» գործակալությանն էին փոխանցել ադրբեջանցի ուժայինները։

Ռուս խաղաղապահները Արցախում տեղակայվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ 5 տարի ժամկետով։ Ըստ փաստաթղթի՝ նրանց մանդատը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Բաքուն բազմիցս հայտարարել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն չի հաստատում ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքից. APA