Բաքուն չի հաստատում ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները

Խաղաղապահները Ստեփանակերտում, դեկտեմբեր, 2020թ․

Ադրբեջանի իշխանությունները չեն հաստատում Լեռնային Ղարաբաղից ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ նշելով, որ Ադրբեջանի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները չեն հաստատել խաղաղապահների և նրանց պատկանող տեխնիկայի մի մասի դուրսբերման մասին սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը։

Ռուսական զորախմբի դուրսբերման մասին տեղեկությունները ադրբեջանական սոցիալական ցանցերում սկսել էին շրջանառվել այն բանից հետո, երբ Թարթառի և Գերնաբոյի շրջաններում բնակվող օգտատետերը մի շարք տեսանյութեր էին հրապարակել։ Դրանցում տեսանելի էր 20 զրահամեքենաներից և մի շարք բեռնատարերից կազմված ռուսական շարասյունը, որը, տեսանյութերի հեղինակների պնդմամբ, ուղևորվում էր Գյանջայի ռազմական օդանավակայան։

«Սոցցանցերում հրապարակված նյութերը այսօր չեն տեսագրվել», - «Թուրան» գործակալությանն են փոխանցել ադրբեջանցի ուժայինները։

Ռուս խաղաղապահները Արցախում տեղակայվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ 5 տարի ժամկետով։ Ըստ փաստաթղթի՝ նրանց մանդատը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Բաքուն բազմիցս հայտարարել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքից. APA