ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՔՊ պատգամավորին առնչվող միջադեպից հետո ձերբակալվածին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երեկ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված Սամվել Վարդանյանին:

Վարդանյանը, ըստ հաղորդագրության, ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ընթացքում ներկայացրել է դեպքին առնչվող մանրամասներ

«Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ: Համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով», - նշված է հաղորդագրությունում:

Օմբուդսմենը ևս մեկ անգամ ընդգծում է՝ բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է։ Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն քարոզող ցանկացած խոսքի կիրառումից և վարքագծից։

«Ավելին, հանրային և քաղաքական գործիչները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները պետք է ոչ միայն զերծ մնան նման խոսքի կիրառումից, այլև իրենց գործելակերպով հակազդեն դրա ցանկացած դրսևորման», - ասված է ՄԻՊ հաղորդագրությունում։

Առավոտյան ՔԿ-ն հաղորդագրությամբ տեղեկացրեց պատգամավորի հետ տեղի ունեցածի մասին, թե տրանսպորտում անհայտ անձը վիրավորական արտահայտություններ է արել, սպառնացել պատգամավոր Ասլանյանին՝ կոպտորեն խախտելով հասարակական կարգը, ինչպես նաև հասարակական վայրում կատարել է քաղաքական ուժի նկատմամբ թշնամանք տարածող արտահայտություններ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն էր հայտարարել, թե Հակոբ Ասլանյանին առնչվող միջադեպից հետո ձերբակալված երիտասարդը պատմել է գիշերն իր նկատմամբ իրականացված բռնության մասին։ Դեպքն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, տեղի է ունեցել, երբ ոստիկանները խուլիգանության գործով ձերբակալված Սամվել Վարդանյանին տեղափոխում էին ձերբակալվածների պահման վայր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ պատգամավորին առնչվող դեպքից հետո ձերբակալվածը պատմել է իր նկատմամբ բռնության մասին. Արման Ղազարյան