Ադրբեջանական կրակի հետևանքով Տավուշի մարզում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ. ՆԳՆ

Այսօր գիշերը Ադրբեջանի զինուժի կրակի հետևանքով Տավուշի մարզում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, մասնավորապես Մովսես գյուղում՝ տներ և գերեզմանաքար և Ներքին Կարմիրաղբյուրում՝ քաղաքացիական մեքենա, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ը՝ ադրբեջանական կողմի կրակոցները որակելով անկանոն և ոչ նպատակային:

«Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ Տավուշի մարզի Մովսես գյուղում վնասվել են տներ և գերեզմանաքար, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ քաղաքացիական մեքենա:
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե», - մասնավորապես նշված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել է, որ Ադրբեջանի զինուժը ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ է բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Բաքուն իր հերթին հայտնել է, թե ապրիլի 5-ին՝ ժամը 21:55-ից մինչև ժամը 23:20-ը, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները