Իրանում տեղի է ունեցել Դամասկոսում զոհված իրանցի գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդիի հուղարկավորությունը

Ալի Խամենեին մասնակցում է Դամասկոսում հրթիռակոծության հետևանքով զոհվածների հուղարկավորությանը

Իրանում այսօր տեղի է ունեցել Դամասկոսում հրթիռակոծության հետևանքով սպանված իրանցի գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդիի հուղարկավորությունը։ Հաղորդվում է, որ բարձրաստիճան զինվորական հողին է հանձնվել իր ծննդավայր Սպահանում։

ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ազդեցիկ ներկայացուցչի սգո արարողությանը մասնակցել են հազարավոր իրանցիներ։

63-ամյա Զահեդին, նրա տեղակալը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հինգ այլ սպաներ սպանվել են երկուշաբթի օրը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան շենքի վրա ավիահարվածի հետևանքով։

Պաշտոնական Թերանը հարձակման համար մեղադրում է իր վաղեմի հակառակորդ Իսրայելին՝ սպառնալով վրեժխնդիր լինել։

Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ Զահեդիի հուղարկավորության մասնակիցները հակաիսրայելական կարգախոսներ են վանկարկել և պահանջել անհապաղ հաշվեհարդար տեսնել Իսրայելի դեմ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իսրայելը կզղջա իր կատարած հանցագործության համար». Իրանի ԱԳՆ