Իսրայելն այսօր հրապարակեց Գազայի հատվածում իսրայելական ուժերի գնդակոծության հետևանքով միջազգային հումանիտար կազմակերպության 7 աշխատակիցների զոհվելու հետաքննության արդյունքները։
Միջադեպի հետ կապված իսրայելական բանակի երկու սպա պաշտոնանկ է արվել, մեկ այլ բարձր հրամանտարի նկատողություն է արվել։
Այդ միջադեպից հետո Իսրայելի հասցեին միջազգային հանրության, նաև դաշնակիցների քննադատություններն ուժեղացել են։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 4-ին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ցուցաբերվող օգնությունը կախված կլինի պաղեստինցի քաղաքացիական բնակչության և հումանիտար կազմակերպությունների աշխատակիցներին պաշտպանելու Իսրայելի կոնկրետ քայլերից։
Նախագահ Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ երեկոյան կես ժամ հեռախոսազրույց են ունեցել։