Աուտիզմի իրազեկման միջազգային օրը առիթ օգտագործելով՝ Արմինեն հենց երեխաներին է դիմում ու աուտիզմով ապրող իր որդու օրինակով բացատրում, թե նրանք հաճախ ինչպիսի վարք են դրսևորում։
«Աուտիզմով երեխան ձեզանից մեկն է, ինքն այլ կերպ է ընկալում աշխարհը, խաղալու այլ միջոցներ ունի։ Ընդունեք իրեն այնպիսին, ինչպիսին որ նա կա, և ամենակարևորը՝ մի վախեցեք նրանց մոտ թողնել ձեզ», - ասում է նա, - «Այնտեղ, որտեղ իրեն անծանոթ է ամեն ինչ, կարող է ոչ սովորական վարք դրսևորել, կարող է աղմկել, ականջները փակել, փորձել դուրս գալ այդ տարածքից։ Ինքը պիտի սովորի և՛ մարդկանց, և՛ տարածքին»։
Որդին 2 տարեկան էր, երբ Արմինեն նկատել է նրա զարգացման առանձնահատկությունները: Տարբեր դռներ է թակել՝ հիվանդանոցից մինչև հատուկ կենտրոններ ու հասարակական կազմակերպություններ: Սուրենը հիմա 18 տարեկան է, համակարգչային տարբեր ծրագրերով է հետաքրքրվում, սիրում է նկարել ու կավագործությամբ զբաղվել, բայց մասնագիտություն չի կարող ընտրել, որ հետո գումար աշխատի ու իրեն ապահովի:
Աուտիզմի մի քանի տեսակ կա, հիմնականում խոսքի ու վարքագծի խանգարումներով է այն դրսևորվում, բայց դա էլ բարդության տարբեր աստիճաններ ունի: Նրանց համար հաճախ դժվար է լինում բուհում սովորելը, բայց ծնողներն ասում են՝ միջին մասնագիտական հաստատություններն էլ են անհասանելի՝ հատուկ մասնագետներ չկան։
«Եթե նախադպրոցական, դպրոցական տարիների համար բավականին արդեն ընթացք ստացած ներառական կրթություն կա, ճիշտ է թերություններով, իսկ դպրոցն ավարտելուց հետո երիտասարդները բախվում են կրթությունը շարունակելու խնդրի հետ», - նշեց նա։
Ու թեև Հայաստանում 2014-ից ներդրվել է դպրոցական ներառական կրթությունը, կա ուսուցչի օգնականի հաստիքը, բայց աուտիզմ ունեցող մեկ այլ դպրոցահասակ երեխայի ծնողի՝ Սեդա Գաբրիելյանի խոսքով՝ դպրոցում էլ են երեխաները խնդիրների առաջ կանգնում: Կրթության նախարարությանը կից տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետները, ըստ նրա, չեն կարողանում հոգալ աուտիզմ ունեցող երեխայի ուսումնական բոլոր կարիքները։
«Մեր դպրոցում կային մի քանի մասնագետներ նույն պրոֆիլի, որոնք մոտենում էին երեխային հենց դասապրոցեսի ժամանակ, կարողանում էին վարքը կառավարել, փորձել, եթե երեխան ունի հմտություններ, տեղում ինչ-որ ակադեմիականի հետ կապված խնդիրներ լուծել դասասենյակում, եթե երեխայի վարքը այնպիսին էր, որ խանգարում էր դասապրոցեսին, այդ պահին ունեինք ռեսուրսային սենյակներ, որտեղ երեխաները տեղափոխվում էին, ու աջակցությունը տրվում էր հենց տեղում։ Հիմա այնպես է ստացվել, որ ՏՄԱԿ-ներից գալիս են իրենց ժամով, մոտենում են երեխային կես ժամով ու գնում են։ Խախտվում է ոչ միայն մեր երեխայի կրթություն ստանալու իրավունքը, այլ նաև մյուս 30 երեխաների», - ասաց նա։
Աուտիզմ ունեցող երեխաների ծնողական խումբն այսօր ՅՈւՆիՍԵՖ-ի գրասենյակում առողջապահության, կրթության, մարդու իրավունքների ոլորտի ներկայացուցիչներին ներկայացրին, թե ինչ խնդիրների են բախվում իրենց երեխաները կյանքի տարբեր ոլորտներում: Մելեա Միլիտոնյանի աղջիկը նույնպես աուտիզմով է ապրում, ընդգծեց՝ բժիշկներն էլ հիմնականում չեն կարողանում աշխատել աուտիզմով երեխաների հետ։
Սոցապնախարարության տվյալներով՝ Հայաստանում այս պահին աուտիզմ ունեցող 793 երեխա է ապրում: Չնայած նրանք թոշակ են ստանում, բայց ծնողները պնդում են՝ ծախսերն ավելի մեծ են, պետական մյուս ծրագրերն էլ ամբողջությամբ չեն լուծում նրանց խնդիրները։
Մեծ ու փոքր հաջողությունների հասած ցանկացած երեխայի թիկունքում ծնողի ահռելի աշխատանքն է, հիշեցնում են ծնողները։ Արմինե Շաղբաթյանն ասում է՝ սեփական կարիերան մոռանում ու ողջ կյանքը նրանց են նվիրում: Երազում է, որ իրենց հոգսը պետությունն այնպես թեթևացնի, որ բավարար գումար չունեցող ընտանիքը ծախսերի տակ չկքի, որ ծնողը նույնպես կարողանա աշխատել։