ՔՊ ներսում քննարկումներ են ընթանում եվրաինտեգրման հեռանկարի շուրջ. Վահագն Ալեքսանյան

Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում քննարկումներ են ընթանում եվրաինտեգրման հեռանկարի շուրջ, հայտարարեց ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր ժողովրդավարական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Ակնհայտ է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում կա նոր դինամիկա, և մենք որպես կառավարող կուսակցություն ոգևորված ենք այդ դինամիկայով: Մենք չափազանց բարձր ենք գնահատում Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը և համարում ենք, որ առաքելության գործունեությունը խորապես նպաստում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը», - նշեց Ալեքսանյանը:

Նա նաև կարևորեց Եվրոպական խորհրդարանի բանաձևում տեղ գտած դրույթը, որով Եվրախորհրդարանը 91 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա աջակցություն է հայտարարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը, նաև աջակցություն է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ջանքերին: Եվրոպական խորհրդարանը մարտի 13-ին ընդունել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ հայտարարեց «ունենք խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել միայն Արևմուտքում»:

«Այսօր մեր երկիրը կանգնած է լուրջ ճամփաբաժանի առաջ, որովհետև մենք ունենք բանակը վերափոխելու խնդիր, ունենք լուրջ սպառազինություն գնելու խնդիր, ունենք տնտեսությունը ոտքի հանելու ու զարգացնելու խնդիր, ունենք հանրային կյանքում մարդու իրավունքների պաշտպանության խնդիր: Այս բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միայն Արևմուտքում, Ռուսաստանը չի կարող այս խնդիրները լուծել ու չի էլ ուզում այս խնդիրները մեր հետ լուծել», - նշել է Սարգսյանը:

Նա ընդգծեց՝ «եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, մնում ենք Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա եռանկյունում, որտեղ խնդիրները լուծվելու են մեր հաշվին, հետևաբար մենք այլընտրանք չունենք»:

«Մեր տարածաշրջանի երկրներից Վրաստանը կողմնորոշվել է՝ ինքը Միացյալ Նահանգների հետ է, Ադրբեջանը կողմնորոշվել է՝ ինքը Շուշիի պայմանագրով Թուրքիայի հետ է, նաև այսօր իր շահերը համընկնում են Ռուսաստանի հետ և ինքն այդ ուղղությամբ էլ գործունեություն է ծավալում: Տարածաշրջանում մնացել ենք մենք, որ պիտի կողմնորոշվենք», - ասաց Արամ Սարգսյանը:

Հայաստանի քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր ժողովրդավարական քաղաքական ուժերի ներկայացուցիչները ՀՀ իշխանություններին հորդորեցին անհապաղ հայտարարել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից ու ԱՊՀ-ից դուրս գալու մասին ու պաշտոնապես դիմել Եվրամիությանը լիիրավ անդամ դառնալու հայտով, ինչպես նաև բանակցություններ սկսել Եվրաատլանտյան անվտանգային համակարգում Հայաստանի ինտեգրումը խորացնելու ուղղությամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը