Բաքուն դատապարտել է ՄՔԴ-ում Միրզոյանի երեկվա ելույթը

Բաքուն խստորեն դատապարտել է Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ) Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը։

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե Միրզոյանի ելույթը ևս մեկ անգամ ապացուցում է, որ «Հայաստանը, միանալով Հռոմի ստատուտին, փորձում է օգտագործել այդ կառույցներն իր անհիմն պահանջների, չարամիտ գործողությունների, ատելության քարոզչության, ապատեղեկատվության և միջազգային իրավունքի սխալ մեկնաբանությունների համար»։

Միրզոյանը երեկ իր ելույթում ներկաներին նախ հիշեցրել է Ղարաբաղում էթնիկ զտումների մասին, ապա ընդգծել՝ 2023-ին Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը՝ անկեղծորեն հավատալով, որ այն մեծ ուժ ունի և կարող է վերացնել ամենածանր հանցագործությունները և վերջ տալ անպատժելիությանը։

Երևանը հայտարարել է, որ Հռոմի կանոնադրությանը միանալով՝ ցանկանում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար։ Երևանը խոսում է նաև արցախահայերի տեղահանության համար Ադրբեջանի դեմ Միջազգային քրեական դատարան հայց ներկայացնելու հնարավորության մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վստահ ենք, որ Հռոմի ստատուտն այլ մեխանիզմների հետ միասին հետագա էսկալացիան ու վայրագությունները կանխելու ներուժ ունի. Միրզոյան