Վրաց ուղղափառ եկեղեցին խնդրում է նվիրատուներին խմբագրել Ստալինին պատկերող սրբապատկերը

Վրաց ուղղափառ եկեղեցին դիմել է «Հայրենասերների դաշինք» կուսակցության ղեկավարներին՝ խնդրելով նրանց փոփոխություններ մտցնել իրեն կողմից պատրիարքարանին նվիրաբերված սրբապատկերում, որում պատկերված են Խորհրդային Միության ղեկավար Իոսիֆ Ստալինը և ուղղափառ եկեղեցու կողմից սրբադասված Մատրոնա միանձնուհին։

«Սուրբ Մատրոնայի և Ստալինի հանդիպման մասին որևէ հավաստի վկայություն չկա, ուստի նվիրատուներին խնդրում ենք վերախմբագրել այն պատկերող սրբապատկերը։ Եթե նրանք չանեն դա, ապա մենք ստիպված կլինենք սեփական ուժերով դիմել այդ քայլին», - նշված է Վրաց ուղղափառ եկեղեցու այսօրվա հայտարարության մեջ։

Թբիլիսիի Սուրբ Երրորդության տաճարում տեղադրված՝ Ստալինին պատկերող սրբապատկերը աղմկալի սկանդալի պատճառ էր դարձել։ Օրերս վրաց ակտիվիստները ներկ էին շփել Ստալինին պատկերող սրբապատկերի վրա։