Բաքվի ծննդատան հրդեհի գործով կա երեք մեդադրյալ, այդ թվում՝ տնօրենը

Բաքվի ծննդատանը բռնկված հրդեհի գործով երեք պաշտոնատար անձինք՝ կենտրոնի տնօրեն Մեհրիբան Աբասգուլիևան, անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Համլետ Մուստաֆաևը և աջակցության ծառայության բաժանմունքի ղեկավար Էլնուրա Ախմադլին քրեական պատասխանատվության են ենթարկվել, հաղորդում է երկրի Գլխավոր դատախազությունը։

Բաժանմունքների ղեկավարներին մեղադրանք է առաջադրվել հրդեհային անվտանգության կանոնները խախտելու հոդվածով, որը հանգեցրել է երկու կամ ավելի մարդու մահվան, տնօրենին՝ անփութության համար, որը հանգեցրել է երկու և ավելի մարդու մահվան։

Երեքի նկատմամբ էլ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, երեքն էլ հեռացվել են պաշտոններից։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 9-ի ուշ երեկոյան, հրդեհի հետևանքով 4 նորածին է մահացել, տասնյակ նորածիններ, այդ թվում՝ ինկուբատորներում գտնվող երեխաներ, տարհանվել են կլինիկայից։

Նախնական վարկածով՝ հրդեհի պատճառը հոսանքի հետ կապված խնդիրն է եղել։