Այսօր Պեկինում գումարվել է Չինաստան-Եվրոպական միություն 24-րդ գագաթնաժողովը:
Դիմելով Եվրոպական միության նախագահ Շառլ Միշելին և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին` Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Եվրոպական միությանը կոչ է արել «դառնալ գործընկեր հանուն փոխշահավետ համագործակցության, ամրացնել քաղաքական վստահությունը, հաստատել ռազմավարական փոխհամաձայնություն, մերժել արտաքին միջամտություններն ու զարգացնել երրկխոսությունը հանուն Չինաստանի և Եվրամիության ժողովուրդների բարգավաճման»:
Շառլ Միշելը և Ուրսուլա ֆոն դեր Լայենն, իրենց հերթին, նշել են, որ ԵՄ-ն բարձր է գնահատում հարաբերությունները Չինաստանի հետ, որին կարևոր գործընկեր է համարում և ցանկանում է հաստատել կայուն, վստահելի և կանխատեսելի հարաբերություններ:
Միաժամանակ եվրոպացի բարձրաստիճան ղեկավարները նշել են նաև առկա բարդությունները:
«Քաղաքական առումով Եվրոպայի առաջնորդները չեն կարող հանդուրժել, որ մեր արդյունաբերական բազան խաթարվի անբարեխիղճ մրցակցության պատճառով: Մենք սիրում ենք մրցակցություն: Դա մեզ ավելի լավ է դարձնում և նպաստում է գնանկման: Դա լավ է սպառողների համար: Բայց մրցակցությունը պետք է լինի արդար»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Մենք այստեղ ենք՝ Չինաստանում, որպեսզի առաջ տանենք մեր արժեքները, պաշտպանենք մեր շահերը: Մենք առաջընթաց ենք գրանցել ընդհանուր շահերի ոլորտներում և կշարունակենք համագործակցել Չինաստանի հետ՝ հիմնվելով թափանցիկության, կանխատեսելիության և փոխադարձության վրա: Ժամանակն է արագացնել այս առաջընթացը մեր հարաբերություններում և միասին աշխատել աշխարհի ամենահրատապ մարտահրավերները հաղթահարելու համար»,- ասել է Շառլ Միշելը: