Ցիկլոնի հետևանքով 1 միլիոն 900 հազար սպառող Ռուսաստանում և Ուկրաինայում մնացել է առանց հոսանքի

Հեղեղում, Գորյաչի Կլյուչ, Կրասնոդարի շրջան, 26 նոյեմբերի, 2023թ.

Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով Ռուսաստանում, մասնավորապես, Դաղստանում, Կրասնոդարի երկրամասում, Ռոստովի մարզում, ինչպես նաև ուկրաինական գրավված տարածքներից՝ Ղրիմում, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում, մոտ 1 միլիոն 900 հազար սպառողներ մնացել են առանց էլեկտրամատակարարման

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը, որի հրապարակած հաղորդագրությունում նշվում է, որ «էներգետիկները հիմա աշխատում են ուժեղացված ռեժիմով»։

Ընդհանուր առմամբ, վթարներից տուժած հիմնարկների վերականգնման աշխատանքներում ներգրավվել է 680 թիմ՝ ավելի քան 2 հազար 100 մարդ և 783 միավոր հատուկ տեխնիկա։ Վերականգնողական աշխատանքները բարդ են ընթանում եղանակային ծանր պայմանների հետևանքով։

Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ցիկլոնն առաջացրել է հուժկու քամիներ և մեծ հեղեղումներ Ռուսաստանի Սև ծովի ափին:

Աղետից տուժել են Կրասնոդարի երկրամասը և բռնազավթված Ղրիմը, Սևաստոպոլը, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները:

Զոհվել է առնվազն մեկ մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Վատ եղանակը վնասել է տները, հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատումների և երթևեկության հետ կապված խնդիրների: