Երկկողմ օրակարգային հարցեր են քննարկել Հայաստանի և Բահրեյնի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանին այսօր Մանամայում կայացած հանդիպման ժամանակ:
Հայաստանի արտգործնախարարության լրատվական վարչության փոխանցմամբ, երկուստեք ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման պատրաստակամությունը՝ կարևորելով այդ ուղղությամբ երկու ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդակցությունները, անհրաժեշտ իրավապայմանագային դաշտի ձևավորումը, համատեղ միջոցառումների և բարձրաստիճան այցերի կազմակերպումը։ Որպես երկկողմ հարաբերությունների հեռանկարային ուղղություններ Արարատ Միրզոյանը մատնանշել է առևտրատնտեսական, քաղաքացիական ավիացիայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառները՝ կարևորելով նաև ներդրումների խրախուսման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Նշելով, որ Հայաստանը կարևորում է Ծոցի արաբական երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների խորացումը՝ ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ծրագիրը գրավիչ կլինի նաև մերձավորարևելյան երկրների, այդ թվում՝ Բահրեյնի համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Միրզոյանը Բահրեյնում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգըՓաշինյանը Թբիլիսում ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և խաղաղության օրակարգըՀանդիպման օրակարգում են եղել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի մոտեցումները տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը, առկա խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք չեն հեշտացնում նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղին, նշված է պաշտոնական հաղորդագրությունում:
Վերահաստատելով ՀՀ հանձնառությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է տարածքային ամբողջականության փոխադարձ, առանց երկիմաստությունների ճանաչման, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա սահմանազատման, ինչպես նաև երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերում Ադրբեջանի կողմից ամուր հանձնառության արտահայտման անհրաժեշտությունը, փոխանցում է ԱԳՆ լրատվականը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքուն «հակասական» է որակում Հայաստանի վարչապետի հայտարարությունները ԵԱՀԿ ԽՎ-ումԵրևանն ու Բաքուն դեռևս խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով․ Փաշինյան