Մոսկվայում ավազակները զենք են կիրառել և 300 միլիոն ռուբլի են գողացել

Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք նոյեմբերի 17-ին կրակել են երկու տղամարդկանց վրա, նրանցից փողով պայուսակ են գողացել և դիմել են փախուստի, մեկ մարդ վիրավորվել է, հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ մայրաքաղաքի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 17-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 19:30-ի սահմաններում, Պրեսնենսկի Վալ փողոցում անհայտ անձինք, ատրճանակին նմանվող առարկայով սպառնալով երկու քաղաքացու, մի քանի կրակոց են արձակել նրանց ուղղությամբ և բացահայտ հափշտակել պայուսակ, որից հետո «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի։ Նախնական տվյալներով՝ տղամարդկանցից մեկը վիրավորվել է»,- ասվում է հաղորդագրությունում:

Իրավապահ մարմինները հայտնել են, որ հարձակման ենթարկվածը բանկերից մեկի գանձիչն է, ըստ նախնական տվյալների, գողացված պայուսակում եղել է 300 միլիոն ռուբլի։

«Բանկի մոտ տեղի ունեցած զինված հարձակումից հետո օպերատիվ-որոնողական աշխատանքները շարունակվում են, պարզվել է, որ հանցագործությունը ծրագրվել և կատարվել է հուշումով: Կրակոցներն արձակվել են տրավմատիկ ատրճանակից»,- նշել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։

Հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը պարզում է հարձակման հանգամանքները, ձեռնարկվում են միջոցներ ավազակներին բացահայտելու ձերբակալելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։