ԱՄՆ-ը աջակցում է ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստանում․ դեսպանություն

Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրամիության դիտորդական առաքելությանը Հայաստանում, «Ազատությանը» հայտնել են ԱՄՆ դեսպանությունից՝ ըստ էության անպատասխան թողնելով «Ազատության» հարցը։

«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր դեսպանությունից, թե հնարավո՞ր է արդյոք Միացյալ Նահանգները ևս միանա դիտորդական առաքելությանը՝ հաշվի առնելով, որ կան հավաստի տեղեկություններ ԵՄ առաքելության ընդլայնման վերաբերյալ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը մտադիր է ընդարձակել Հայաստանում դիտորդական առաքելությունը


Դեսպանատնից միայն նշել են, որ ողջունում են գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության ջանքերը՝ տարածաշրջանում փոխվստահություն կառուցելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար կառուցողական մթնոլորտ ապահովելու հարցում։

«Միացյալ Նահանգները ամուր աջակցություն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», - ասված է ԱՄՆ դեսպանության պատասխանում։

Հոկտեմբերի 26-ին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ, որից հետո առաքելությունը հայտնեց, թե կողմերը քննարկել են Եվրամիության առաքելության մանդատն ու հայ-ադրբեջանական սահմանի անվտանգային զարգացումները։