Հայաստանը ողջունում է Կանադայի՝ Եվրոպական միության դիտորդական առաքելությանը միանալու նախաձեռնությունը, հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր կանադացի գործընկեր Մելանի Ժոլիի հետ ասուլիսին։
«Մեր տարածաշրջանը հիրավի կարիք ունի խաղաղության ապահովմանն ուղղված անկեղծ և գործուն քայլերի, որ միտված կլինեն միջազգային գործընկերների կողմից իրավիճակի օբյեկտիվ գնահատականին, մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության ապահովմանը»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Եվրամիության առաքելության նպատակն է նպաստել «Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, ստեղծել վստահություն և մարդկային անվտանգություն հակամարտությունների ազդեցության տակ գտնվող տարածքներում և ապահովել ԵՄ կողմից աջակցվող՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր»: Դրան միանալու մասին Կանադան հայտարարել էր հուլիսին։
Մելանի Ժոլին պաշտոնական այցով է Հայաստանում։