Սաուդյան Արաբիայում նախատեսված են Ուկրաինայի հարցով բանակցություններ

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար, իշխան Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդը և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, արխիվ

Օգոստոսի 5-ից 6-ը Սաուդյան Արաբիայում՝ Ջիդա քաղաքում, նախատեսված են Ուկրաինայի պատերազմի խաղաղ կարգավորման հարցով բանակցություններ:

Ենթադրվում է, որ Ջիդա կժամանեն մոտ 4 տասնյակ պետությունների պատվիրակներ: Եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից բացի հրավերներ են ստացել Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի երկրները։

Ռուսաստանը չի հրավիրվել բանակցություններին, սակայն արևմտյան դիվանագետները որոշել են ներգրավել այդ երկրի հետ սերտ համագործակցող Չինաստանին։

Ուկրաինան Ջիդայում կներկայացնի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին «Ազատությանը» հայտնել է Երմակի տեղակալ Իհոր Ժովկվան։

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան հետևելու է Ջիդայում նախատեսված բանակցություններին, «որոնց նպատակը դեռ հստակ չէ»:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի փոխանցմամբ էլ Սաուդյան Արաբիայում նախատեսված հանդիպումը «օգտակար կլինի, եթե դրան մասնակցող Արևմուտքի ներկայացուցիչները կհասկանան, որ նախագահ Զելենսկու առաջարկած, այսպես կոչված, խաղաղության ծրագիրը փակուղային է»: