ԱՄՆ-ում Powerball վիճակախաղի «ջեքփոթը» հասել է 900 միլիոն դոլարի

«Ջեքփոթի» գումարը ցուցադրող էլեկտրոնային վահանակը, Նյու Յորք, 18 հուլիսի, 2023թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգներում համազգային իրարանցում է՝ անցած շաբաթ օրը Powerball-ում հաղթող չի եղել, և «ջեքփոթի» գումարը կազմել է 900 միլիոն դոլար:

Դա երրորդ ամենախոշոր գումարն է Powerball վիճակախաղի և 7-րդն ամենախոշոր գումարը Միացյալ Նահանգներում վիճակախաղերի անցկացման ամբողջ պատմության ընթացքում:

«Ջեքփոթը» շահելու հավանականությունն է 1-ը 292 միլիոն 200 հազարից: Անցյալ նոյեմբերին Powerball-ի ամենամեծ «ջեքփոթը» կազմել է 2 միլիարդ 40 միլիոն դոլար:

Վերջին անգամ մի անձ, որի անունը չի հաղորդվում, Powerball վիճակախաղի տոմսով «ջեքփոթ» է շահել ապրիլի 19-ին և ստացել է մոտ 253 միլիոն դոլար գլխավոր մրցանակի համար:

Դրանից հետո տեղի ունեցած 38 անընդմեջ խաղարկություններում ոչ ոք գլխավոր մրցանակը չի ստացել: