Լեռնանիստում ստիպված կլինեն ևս մի քանի ամիս սպասել խմելու ջրագծի կառուցման ավարտին

«Ես կխնդրեի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին, որպեսզի այցելեն մեր համայնք, տեղում ծանոթանան կատարված աշխատանքներին և տեսնենք, միգուցե մեր ծորակներից ջուրը գալիս է, բայց մենք չենք տեսնում», - ասում է Լեռնանիստի բնակիչ Մելինե Հարությունյանը։

Նա յոթ ամիս է անհամբեր սպասում է, որ իր տան ծորակից խմելու ջուր հոսի։ Իսկ որ ջուրը շուտով մոտ 3000 բնակիչ ունեցող գյուղ էր հասնելու, կառավարության նիստում անցած դեկտեմբերին հայտարարեցին։ Գործադիրի նիստում ուրախ լուրը լսելուց հետո տիկին Մելինեին թվում էր, թե դա շաբաթների հարց է։

«Բոլոր աշխատանքները ավարտված են արդեն, և համապատասխան ֆինանսավորումը այսօր արդեն ըստ այդմ հատկացվել է։ Դա նշանակում ա, որ ընդունված ա նաև, որակը ստուգված ա և այլն, հա՞, թե՞ դեռ էդ աշխատանքները դեռ պետք է տեղի ունենան», - կառավարության նիստում հարցրել էր վարչապետը։

«Հիմնական մշտադիտարկումները արված են, բայց երբ վերջնական ակտը կկազմեն, կվճարեն, էդ ժամանակ բոլոր համապատասխան մարմինները կսորագրեն, դրանից հետո նոր կվճարվեն», - պատասխանել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Ինչո՞ւ խմելու ջուրը խոշորացված Հրազդանի այս բնակավայրը դեռ չի հասել, չնայած կառավարության նիստում պնդում էին, թե մնացել է շինարարության որակը ստուգել։ Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը վստահեցնում է՝ այս պահին աշխատանքներն ընթացքի մեջ են, մի քանի ամսից կավարտվեն. - «Վերջնաժամկետը նոյեմբերիկ 8-ն ա, հիմի օրենքով մենք չենք կարող ասել՝ խի՞ եք մի օր աշխատում, հինգ օր չեք աշխատում։ Բայց մեր ուշադրության կենտրոնում ա»։

Ջրագծի կառուցումը մեկնարկել է նախորդ տարվա սեպտեմբերից, գրեթե մեկ տարի անց համայնքապետարանից փոխանցում են, որ աշխատանքների 70 տոկոսն արել են, իսկ ձգձգվելու պատճառը, ըստ համայնքապետի, բնակավայրի բարձր լեռնայնությունն է։

«Հորերը փորած, շլանգները լրիվ էնտեղ դրած, ում հայաթում էլ ինչ-որ գիծը տարել են, մի ծայրը դուրս, տենց մնացել ա... Հա, շինարարական աշխատանքներ կատարվել ա, բայց ոչ այնպես, որ ջրամատակարարման հարցը լուծված է», - ասում է Մելինե Հարությունյանը։

Ջրամատակարարման համակարգի արժեքը 245 մլն դրամ է, որից 172 միլիոնը տրամադրել է պետությունը, մյուս մասը՝ համայնքը։ Շինարարը ռուսական «Գլավդորստրոյ» ընկերությունն է, որին ընդհանուր գումարի 10 միլիոնը դեռ չի փոխանցել։

«Գումարի մաս կա, որ դեռ փոխանցում չի եղել ու փոխանցում չի լինելու մինչև աշխատանքը ամբողջությամբ չվերջացնեն», - ասաց Սևակ Միքայելյանը։

Մինչ համայնքապետարանից վստահեցնում են, որ աշխատանքներն ընթանում են, լեռնանիստցիները այլ պատկեր են ներկայացնում. - «Գնում են, գալիս են, մի հատ տրակտոր բարձրանում ա, մի ժամ հետո իջնում ա։ Էդի պիտի ընկնես հետևներից, որև իմանաս գործ անում են, թե չէ»։

Եթե համայնքապետի նշած վերջնաժամկետը ուժի մեջ մնա, Մելինե Հարությունյանի ընտանիքը դեռ 4 ամիս էլ խմելու ջուրը հարևանի ջրհորից է բերելու, իսկ կենցաղային օգտագործման ջրի հարցը համեմատաբար հեշտ լուծելի է. - «Մեծամասամբ գյուղում հորերը ցամաքած ա, ժողովուրդը ջուր չունի։ Էսօր ուրախացել ենք, որ մի քանի օր անձրև ա եկել գյուղում, դրսի ցիստեռները լցվել են, օգտագործում ենք»։

Շինարար «Գլավդորստրոյ» ընկերության ներկայացուցիչը, ի դեպ, «Ազատության» հետ զրույցում այլ վերջնաժամկետ նշեց. աշխատանքն ամենաուշը դեկտեմբերի վերջին կավարտեն։