Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Թեհրանից մեկնել է Քեյփթաուն, որտեղ մասնակցելու է «ԲՐԻԿՍ-ի բարեկամների» հավաքին:
Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրական մայրաքաղաք Քեյփթաունում գումարվում է ԲՐԻԿՍ-ի՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գերատեսչությունների ղեկավարների գագաթնաժողովը:
Աբդոլահիանը մտադիր է հանդիպել այդ երկրներից իր պաշտոնակիցներին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Չինաստանի առաջարկով ստեղծվել է «ԲՐԻԿՍ+» ձևաչափը, որն անդամ երկրին տալիս է այլ տարածաշրջաններից գործընկեր պետությունների ներկայացուցիչներին գագաթնաժողովին հրավիրելու հնարավորություն:
ԲՐԻԿՍ-ի ղեկավարների գագաթնաժողովը նախատեսված է այս տարվա օգոստոսի 22-ից 24-ը Հարավաֆրիկյան Հանրապետության ամենախոշոր քաղաք Յոհանեսբուրգում:
Ռուսաստանում հուսով են, որ ԲՐԻԿՍ-ը կարող է դառնալ արևմտյան կառույցների այլընտրանք և հզոր գործիք համաշխարհային կառավարման տեսակետից:
Անցած ամիսներին ԲՐԻԿՍ-ին միանալու ցանկության մասին հաղորդագրություններ են ստացվել Արգենտինայից, Սաուդյան Արաբիայից, Իրանից և Վենեսուելայից:
Մոսկվայում պնդում են, որ ԲՐԻԿՍ-ին չպետք է միանան Ռուսաստանի և այլ երկրների նկատմամբ միակողմանի տնտեսական պատժամիջոցներ սահմանած պետություններ: Այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: