Պուտինը շնորհավորել է «Վագներ»-ին և ռուսական բանակին Բախմուտի «ազատագրման» համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է «Վագներ» մասնավոր ընկերությանը և ռուսական բանակին արևելյան ուկրաինական Բախմուտ քաղաքի «ազատագրման» համար։

Կրեմլի կայքում հրապարակված հայտարարության մեջ Պուտինը նշել է, որ 15-ամսյա պատերազմի ամենաերկար և արյունալի ճակատամարտն ավարտվել է Ռուսաստանի հաղթանակով, և որ բոլոր նրանք, ովքեր դրանում հաջողել են, կպարգևատրվեն։

Ռուսական «Վագներ»-ը երեկ հայտարարեց, թե ամիսներ շարունակված արյունալի մարտերից հետո ամբողջովին գրավել է Բախմուտը։

Վարձկանների ղեկավար Եվգենի Պրիգոժինը ասել է, թե իր ուժերը հաջորդ շաբաթ դուրս են գալու քաղաքից հանգստանալու և հանձնելու են այն ռուսական կանոնավոր բանակին։