Ժամը 8-ի դրությամբ Ադրբեջանը շարունակում է կրակը Սոթքի դիրքերի ուղղությամբ, վիրավորների թիվը հասել է 3-ի

Սոթք, արխիվային լուսանկար

Ժամը 08:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ նշելով՝ հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր:

Նախարարությունը նաև նշում է, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ», - ասված է հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սկսել են կրակել Սոթքի դիրքերի ուղղությամբ, ժամը 7-ի դրությամբ հայկական կողմը հաղորդեց երկու վիրավորի մասին։

Բաքուն հայտնել է, թե երեկ երեկոյան ՀՀ Զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը և հրադադարի խախտման համար մեղադրել հայկական կողմին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրետանային և ականանետային կրակ Սոթքի հատվածում, հայկական կողմը հաղորդում է 4 վիրավորի, Ադրբեջանը՝ 1 զոհի և 1 վիրավորի մասին (թարմացվող)