Ադրբեջանցիները տեղադրված անցակետում արցախցիներին ստիպել են կատարել իրենց պահանջները. պետնախարար

Ադրբեջանցի զինծառայողները Հակարիի կամրջի մոտ, ապրիլ, 2023թ.

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը տեղեկացրել է, որ Արցախ-Հայաստան սահմանագծին ապրիլի 23-ից ապօրինի անցակետ տեղակայելու պատճառով, լիակատար ու երկկողմանի շրջափակման մեջ գտնվող գյուղերի բնակիչների հրատապ հումանիտար խնդիրները լուծելու համար մի խումբ բնակիչներ դիմել են տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներին, որոնց կողմից թույլատրվել է առանց զննության մասնավոր մեքենաներով անցնել Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետով` նախապես հավաստիացնելով, որ ադրբեջանցիների կողմից որևէ հսկողական միջամտություն չի լինելու:

«Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը», - ասված է Արցախի պետնախարարի գրառման մեջ։

Ադրբեջանցիներն ապրիլի 23-ին փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ապա անցակետ են տեղադրել, որը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնություններով նախատեսված չէ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտը հորդորում է ՄԱԿ-ի ԱԽ-ին ձեռնարկել հրատապ ու գործնական քայլեր՝ կոչերի փոխարեն