Լեհաստանում 9 օտարերկրացիներ են ձերբակալվել Ռուսաստանի օգտին լրտեսելու մեղադրանքով

Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը ձերբակալել է ինը օտարերկրացիների, ովքեր մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսելու համար: Դա տեղի է ունեցել վերջին օրերին:

Այդ մասին այսօր հայտնել է Լեհաստանի հատուկ ծառայությունների աշխատանքը կարգավորող ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին:

«Ձերբակալվածները լրտեսական գործունեություն են ծավալել Լեհաստանում և Ռուսաստանի հետախուզության պատվերով դիվերսիոն գործողություններ են ծրագրել»,- ասել է նախարարը:

Նրա փոխանցմամբ, «ձերբակալվածներն օտարերկրացիներ են և Լեհաստան են մուտք գործել արևելյան սահմանից»:

«Նրանցից 6-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ժամանակավոր կալանքը: Երեկ ձերբակալված ևս երեքի հարցով դատախազությունն է զբաղվում»,- ասել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին: