Ադրբեջանն իր հռետորաբանությամբ ու սադրանքներով մարտահրավեր է նետում խաղաղություն հաստատելու ջանքերին. Միրզոյան

Ադրբեջանական կողմն իր հռետորաբանությամբ ու շարունակական սադրանքներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, այսօր ընդունելով Բրազիլիայի դեսպանին ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Արարատ Միրզոյանը Ֆաբիո Վազ Պիտալուգային ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ տեսլականը, նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, հայտնում են ԱԳՆ-ից։

Նրանք նաև խոսել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում՝ առևտրի, բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հեռանկարների մասին: