Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց Հայաստանը չի քննարկել. ԱԽ քարտուղար

Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց Հայաստանը չի քննարկել, «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այդ քննարկումները իրավունքների և անվտանգության մասին են, և միջազգային պայմանավորվածությունները հենց սրանք էին, և հենց այս պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն», - ասաց նա:

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Ազատություն». - Պարոն Գրիգորյան, ի՞նչ նկատի ուներ Ալիևը, որ ասում էր՝ կա միջազգային պայմանավորվածություն բանակցել Ղարաբաղի հայերի հետ:

Արմեն Գրիգորյան. - Դեռևս սեպտեմբերին մենք Վաշինգտոնում հանդիպում ենք ունեցել Ջեք Սալիվանի և Հիքմեթ Հաջիևի հետ, և քննարկման թեմաներից մեկը եղել է հենց միջազգային մեխանիզմի ձևավորումը: Կարծում եմ՝ սա նկատի ուներ, որ միջազգային մեխանիզմի մասին երբ խոսում ենք, որի շրջանակներում քննարկումներ պետք է տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև, բայց այս քննարկումները վերջնագրերի մասին չեն, որովհետև Ադրբեջանը որոշակի վարքագիծ է դրսևորում, որը դուրս է պայմանավորվածություններից, այսինքն՝ փորձում է վերջնագրերով խոսել, շարունակում է տարբեր գործիքներով ճնշել Լեռնային Ղարաբաղին, նկատի ունեմ՝ Լաչինի միջանցքը փակ պահել, դիվերսիան, ահաբեկչական գործողություններ իրականացնել, նկատի ունեմ մարտի 5-ին, նաև ինչպես Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունն էր չորեքշաբթի օրը հայտարարել՝ ահազանգում է, որ Ադրբեջանը պրովոկացիաների է նախապատրաստվում:

«Ազատություն». - Բաքուն պնդում է, որ այդ երկխոսության օրակարգում պետք է լինի Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի հարցը, և հայտնի է՝ Ստեփանակերտը մերժում է:

Արմեն Գրիգորյան. - Մենք այդպիսի հարց չենք քննարկել: Բոլորն էլ հրապարակային խոսել են, որ այդ քննարկումները իրավունքների և անվտանգության մասին են, և միջազգային պայմանավորվածությունները հենց սրանք էին, և հենց այս պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն:

«Ազատություն». - Երևանի դիրքորոշումն է, որ չպետք է քննարկվի:

Արմեն Գրիգորյան. - Երևանի դիրքորոշումն է, որ քննարկվի այն, ինչ պայմանավորվել ենք, այսինքն՝ իրավունքներ և անվտանգություն միջազգային մեխանիզմի շրջանակներում:

«Ազատություն». - Ըստ Ադրբեջանի՝ դա կարող է և ենթադրել ինտեգրացիա:

Արմեն Գրիգորյան. - Եթե կանխորոշում ենք վերջնարդյունքը, ապա այդ բանակցությունները դժվար են առաջ գնալու, որովհետև Լեռնային Ղարաբաղն էլ կարող է հայտարարել իր ակնկալիքների վերջնարդյունքների մասին: Դրա համար որպեսզի բանակցությունները տեղի ունենան, պետք է հնարավորություն ստեղծել քննարկումների մասին, և պետք է մնալ պայմանավորվածությունների շրջանակում, որովհետև մենք պայմանավորվել ենք քննարկելու անվտանգություն և իրավունքներ:

«Ազատություն». - Պարոն Գրիգորյան, արցախահայերի իրավունքների ապահովման, ոչ բանակցությունների, կոնկրետ մեխանիզմի առաջարկ կա՞ այսօր օրակարգում:

Արմեն Գրիգորյան. - Միջազգային մեխանիզմը նրա մասին է, որպեսզի բանակցություններ կամ քննարկումներ տեղի ունեան Ստեփանակերտի և Բաքվի միջև, և այնտեղ քննարկումների արդյունքում կարող է մեխանիզմներ ստեղծվել, մեխանիզմներից մեկը, օրինակ, կարող է լինել, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծի շուրջ ստեղծվում է ապառազմականացված գոտի: Այդ ապառազմականացված գոտին, բնականաբար, անվտանգության երաշխիքներ է ստեղծելու Լեռնային Ղարաբաղի համար: Կարող են քննարկվել այլ հարցեր, կարծում եմ՝ բազմապիսի հարցեր կան, որոնք կարող են քննարկվել, միջազգային հանրության ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կարող է քննարկել, և մեխանիզմ ստեղծել, թե ինչպես է միջազգային հանրությունը ներկա, որպեսզի անվտանգություն ապահովի ԼՂ-ում ապրող հայերի համար: Իրավունքների մասին կրկին մեխանիզմներ կարող է քննարկել, և այդ մեխանիզմների շրջանակում իրավունքները ապահովել: Այսինքն՝ այս պահին կա միջազգային մեխանիզմ բանակցությունների մասին պայմանավորվածություն, բայց կարգավորումները, որոնք պետք է ապահովեն անվտանգություն և իրավունքներ, արդեն բանակցությունների առարկա են: