Ադրբեջանական կողմից հրադադարի խախտումները վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման չկամության մասին. Արցախի ԱԳՆ

Պաշտոնական Ստեփանակերտը դատապարտում է «ադրբեջանական կողմի սադրանքները», որոնք իրականացվել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի միջնորդությամբ տեղի ունեցած Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումից անմիջապես հետո։

Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը Արցախի Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների տարածքներում տեղակայված ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարը, ավելի վաղ հայտնել էին Արցախից։

«Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու անհրաժեշտության համատեքստում հումանիտար և ենթակառուցվածքային հարցերով կողմերի միջև կայացած քննարկումների ֆոնին Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իր՝ այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումից բխող հանձնառություններն անվերապահորեն կատարելու չկամության մասին», - ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։

Արտգործնախարարությունն անհրաժեշտ է համարում, որ միջազգային հանրությունը շարունակի Ադրբեջանի վրա ճնշման գործադրման կոնկրետ միջոցների իրականացումը՝ զսպելու վերջինիս ապակառուցողական գործողություններն ու մտադրությունները, «որոնք միտված են հարցերն ուժային ճանապարհով լուծելուն»։

Ադրբեջանի զինուժը կրակ է բացում գարնանացանն սկսած արցախցիների ուղղությամբ։ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի մի քանի հողատարածքներում աշխատող տրակտորիստների ուղղությամբ են հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակել, փոխանցել էին Արցախի ներքին գործերի նախարարությունից։