Խաղաղապահներն Արցախում մեկ օրում հրադադարի երեք խախտում են գրանցել

Ռուս խաղաղապահներն Արցախում, արխիվ

Անցած մեկ օրում հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Շուշիի շրջաններում։ Այս մասին երեկ երեկոյան հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը. Արցախի ՊԲ

«Ռուս խաղաղապահները շարունակում են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը», - նաև ասված է հաղորդագրությունում։

Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքն անցած տարվա դեկտեմբերի 12-ից փակել են իրենց «էկոակտիվիստ» անվանող մի խումբ ադրբեջանցիներ, ճանապարհի արգելափակումն ուղեկցվում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում պարբերական խափանումներով: