Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի խուսափենք մարդասիրական աղետից. Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեի և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համատեղ ասուլիսում։

Արդյո՞ք Ֆրանսիան պատրաստ է փաստահավաք խումբ ուղարկել Արցախ և Լաչինի միջանցք։ «Ազատության» այս հարցին Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն ասաց, թե չգիտի արդյո՞ք Հայաստանի իշխանություններից նման դիմում եղել է։

«Ինչ վերաբերում է փաստավահաք առաքելությանը, ես չգիտեմ արդյո՞ք հայկական իշխանությունների կողմից նման դիմում եղել է։ Ֆրանսիան, երբ եղան դիմումներ, օրինակ, Ուկրաինայի կողմից, պատասխանեց այդ դիմումներին, այդ խնդրանքին՝ ուղարկելով մի շարք փորձագետներ։ Բայց չգիտեմ արդյո՞ք Հայաստանը նման դիմում ձևակերպել և ուղղել է Ֆրանսիային կամ Եվրոպային։ Չեմ կարող պատասխանել այդ հարցին», - նշեց Բրոն-Պիվեն։

Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելու անհրաժեշտության մասին ավելի վաղ խոսել էր վարչապետ Փաշինյանը, այսօր էլ այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը՝ շեշտելով տեղում հումանիտար իրավիճակի գնահատման կարևորությունը։ Հստակ չէ, սակայն, արդյոք պաշտոնական Երևանը արդեն դիմել է միջազգային կառույցներին փաստահավաք առաքելության հարցով, ու արդո՞ք Բաքուն չի խոչընդոտի։

Խոսելով արդեն Ադրբեջանի և Հայաստանի սահմանին անցած տարի տեղեկայված Եվրամիության դիտորդական առաքելության մասին՝ Յաել Բրոն- Պիվեն ասաց, թե հույս ունի , որ կկարողանան ևս մեկ անգամ դիմել Եվրոպային և ևս մեկ առաքելություն ուղարկել Հայաստան. - «Բնականաբար, այս քննարկումները շարունակվում են։ Սա այն դիրքորոշումն է, որ պաշտպանում է Ֆրանսիան։ Բայց անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր անդամ պետություն համաձայն լինի այդ դիրքորոշման հետ։ Այսօր Ֆրանսիան չի փոխարինում Եվրամիությանը երկու երկրների սահմանին»։

Հարցին միջամտեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ Ֆրանսիան Հայաստանին պետք է ոչ թե որպես կողմ, այլ որպես միջնորդ. - «Եթե ես չեմ սխալվում, դրա համար առնվազն պետք է նաև Ադրբեջանի համաձայնությունը։ Նաև գործընկերը նշեց Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարությունները, բայց արդարացի հնչում է, որ դրա համար պետք է բոլոր կողմերի համաձայնությունը։ Եվ այս պարագայում Ֆրանսիայի Հանրապետությանը մենք միայն կարող ենք շնորհակալ լինել։ Անդրադառնալով նաև նախորդ գործընկերոջ հարցին՝ ես ուզում եմ մի բան մենք ֆիքսենք. Ֆրանսիան մեզ պետք է որպես միջնորդ, այլ ոչ թե որպես կողմ»։

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, թե շատ անհանգիստ են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Արցախի շրջափակումը գնալով վատթարացնում է մարդասիրական իրավիճակը, հետևաբար շատ կարևոր է, որ ճանապարհը բացվի։ Թե ինչպես են նպաստելու միջանցքի բացմանը, ֆրանսիացի օրենսդիրը չհստակեցրեց. - «Շատ կարևոր է, որ վերականգնվի ազատ երթևեկությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, և էլեկտրական և ինտերնետային կապերը։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի խուսափենք մարդասիրական աղետից»։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես Արևմուտքը կարող է Ադրբեջանին բերել երկխոսության դաշտ՝ հաշվի առնելով, որ Արցախն այսօր պատրաստ է երկխոսել Բաքվի հետ, իսկ Հայաստանը՝ աջակցել այդ երկխոսությանը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահն ասաց, թե երկխոսություն Ադրբեջանի հետ գոյություն ունի, պետք է այն շարունակել և ամրապնդել. - «Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի շուրջ որքան էլ սրվի լարվածությունը, ամեն դեպքում երկխոսության խզում չկա, և կարծում եմ, որ պետք է շարունակենք և շարունակում ենք ամրապնդել ջանքերը, որպեսզի երկխոսությունը շարունակվի ու արդյունքներ տա»։

Յաել Բրոն-Պիվեն նաև տեղին չհամարեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը, քանի դեռ հնարավոր խաղաղության և երկոսության ճանապարհը սպառված չէ։

Ժամանակը չէ՞, որ Ֆրանսիան անի առաջին քայլը և ճանաչի Արցախի անկախությունը։ Այս հարցին Յաել Բրոն-Պիվեն պատասխանեց, թե պաշտոնական Փարիզը չի ճանաչում այդ անկախությունը, համապատասխան միջազգային իրավունքին։ Նա հիշեցրեց, որ անցած տարի Ֆրանսիայի և' Սենատը, և' Ազգային ժողովը բանաձևեր են ընդունել՝ դատապարտելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, անդրադարձել նաև Լաչինի խնդրին։ Հայաստանին աջակցող այդ բանաձևերը, սակայն, պարտադիր ուժ չունեին, ու Ֆրանսիայի կառավարությունը ընդունումից հետո շտապեց հայտարարել, թե դրանք «չեն արտացոլում պաշտոնական դիրքորոշումը»։

Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահն այսօր խոսեց նաև պատերազմից հետո փաստացի չգործող ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ պնդելով, թե դա շատ կարևոր հարթակ է երկխոսության համար, բայց միակը չէ. - «Պետք է բոլոր միջոցները փորձվեն, որպեսզի հնարավորինս արագ լարումը իրավիճակի դադարի»։

Ո՞ր երկրների ու ի՞նչ տարաձայնությունների պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցած դեկտեմբերին Լաչինի միջանցքի հարցով կայացած քննարկումից հետո այդպես էլ չընդունվեց Ֆրանսիայի մշակած հայտարարությունը։ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահն ասաց, թե ցավոք չի կարող ասել։

Ըստ քաղաքագետ Արեգ Քոչինյանի՝ այս այցն, ըստ էության, ունի քաղաքական աջակցության բովանդակություն. «Ավելի շատ սիմվոլիկ բնույթ է կրում, ցուցադրում է, որ Ֆրանսիայի Հանրապետությունը շատ դժվար իրավիճակում շարունակում է աջակցել Հայաստանին և Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության գործին», - ասաց նա: