ԵՄ խորհուրդը չի կարողացել համաձայնության գալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթի շուրջ․ Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Բորել

Եվրամիության խորհուրդը երեկ արտգործնախարարների մակարդակով չի կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի շուրջ, լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Պայմանավորվածությունը դեռ ձեռք չի բերվել նախարարների կողմից, բայց հուսով եմ, որ այն ձեռք կբերվի այս շաբաթ»,- ասել է Բորելը նախարարների հանդիպումից հետո։

Իններորդ փաթեթը սկզբունքորեն նոր լուրջ պատժամիջոցներ չի պարունակում, այն պարունակում է միայն անձանց և կազմակերպությունների դեմ պատժամիջոցներ, և, ինչպես բացատրում են եվրոպացի դիվանագետները, հիմնականում Հունգարիայի դիրքորոշումն է խանգարում դրա հաստատմանը։

Հունգարիայի իշխանությունները՝ վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, հակասության մեջ են Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ շատ այլ երկրների հետ, որոնք Օրբանին մեղադրում են Եվրամիության ժողովրդավարական նորմերից, մասնավորապես՝ մամուլի և դատական իշխանության անկախության սկզբունքից շեղվելու մեջ։ Այդ պատճառով Եվրահանձնաժողովը սառեցրել է Հունգարիայի համար նախատեսված գումարը՝ ավելի քան 13 մլրդ եվրո։

Հունգարիան ձգտում է չեղարկել սառեցումը՝ սպառնալով արգելափակել ԵՄ-ի համար այլ կարևոր որոշումներ, միևնույն ժամանակ դժգոհում է, որ մեծապես տուժում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից և փոխհատուցման կարիք ունի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան ներողություն է պահանջում Հունգարիայի վարչապետ Օրբանից