Թվիթերը նորից սառեցրել է այժմ Յե անունով հայտնի Քանյե Վեսթի օգտահաշիվը

Ամերիկացի ռեփեր Յեն, ով նախկինում հայտնի էր որպես Քանյե Վեսթ, արխիվ

Թվիթերը վերստին սառեցրել է Յե անունով ռեփերի օգտահաշիվը, որի նկատմամբ հոկտեմբերին արդեն կայացրել է նման որոշում:

Թվիթերը նախկինում Քանյե Վեսթ անվամբ հայտնի ռեփերին մեղադրել է ատելության խոսք տարածելու համար:

Թվիթերի սեփականատեր, մեծահարուստ Իլոն Մասքը, ով իրեն համարում է ազատ խոսքի ջատագով, վերջերս ողջունել էր Քանյե Վեստթի վերադարձն այդ սոցիալական հարթակ:

«Ես արեցի ինչ կարողացա, բայց չնայած դրան՝ նա նորից խախտեց ատելության խոսք թույլ չտալու մեր կանոնը: Օգտահաշիվը կսառեցվի», - Թվիթերով հայտնել է Մասքը:

Ռեփերը վերջերս հրեաներին հասցեագրված վիրավորական արտահայտություններ է հնչեցրել և Թվիթերի իր միկրոբլոգում տեղադրել է հրեաների ազգային խորհրդանիշ Դավթի վեցթևանի աստղը, որում ավելացրել է ֆաշիստների խորհրդանիշ սվաստիկան:

Յեն Թվիթերում ունի ավելի քան 30 միլիոն հետևորդներ: Նախքան նրա օգտահաշվի սառեցումը Թվիթերը հեռացրել է նրա գրառումներից մի քանիսը: