Ֆոն դեր Լայեն. «Այսօրվա դրությամբ զոհվել է ուկրաինացի 20 հազար խաղաղ բնակիչ և 100 հազար զինծառայող»

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, արխիվ

Եվրոպական միությունը Միացյալ Նահանգների աջակցությամբ կստեղծի հատուկ դատարան, որը կքննի Ուկրաինայում Ռուսաստանի կատարած պատերազմի հանցագործությունները և պատասխանատվության կենթարկի մեղավորներին: Այդ մասին ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա մահ ու ավեր և անասելի տառապանք է բերել: Բոլորս հիշում ենք Բուչայի սարսափը: Ենթադրվում է, որ այսօրվա դրությամբ ավելի քան 20 հազար խաղաղ բնակիչ և ավելի քան 100 հազար ուկրաինացի զինծառայող է սպանվել: Ռուսաստանը պետք է վճարի այս դաժան հանցանքների, այդ թվում՝ ինքնիշխան պետության վրա ռազմական հարձակում գործելու համար: Հենց դա է պատճառը, որ սատարելով ՄԱԿ-ի Քրեական դատարանին՝ մենք առաջարկում ենք ստեղծել ՄԱԿ-ի հովանու ներքո մեկ ուրիշ հատուկ դատարան, որը կքննի Ռուսաստանի հանցանքները և կպատժի ագրեսորներին», - հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Ավելի ուշ նրա ելույթում ուկրաինացիների կրած կորուստների մասին հատվածի տեսագրությունից հեռացվել է:

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբից փոխանցել են, որ կորուստնների մասին տեղեկատվությունը համարվում է պետական գաղտնիք, և այդ թեմայով կարող են խոսել միայն նախագահը կամ պաշտպանւթյան նախարարը:

Ուրսուլա ֆոն դեր Լայենի պնդմամբ, Ռուսաստանը նաև ֆինանսապես պետք է հատուցի: Ուկրաինային հասցված վնասը կազմում է մոտ 600 միլիարդ եվրո: Ռուսաստանը և ռուս օլիգարխները պետք է վճարեն Ուկրաինայի վերականգնման ծախսերը:

Եվրամիությունն արգելափակել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստներից մոտ 300 միլիարդ եվրո և սառեցրել է օլիգարխներին պատկանող ևս 19 միլիարդ եվրո: Եվրամիությունը պետք է գործընկերների հետ ստեղծի կառույց, որի միջոցով այդ գումարները կուղղվեն Ուկրաինայում վերակառուցման ծրագրին:

Ուրսուլա ֆոն դեր Լայենի համոզմամբ, երբ մի օր պատժամիջոցները կչեղարկվեն, Ռուսաստանը պարտավորված կլինի ստացվող եկամուտներից ամբողջությամբ հատուցել ծախսերը:

Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի խոսքով, համատեղ քայլերով հնարավոր կլինի մշակել իրավական միջոցներ և ապահովել, որ Ռուսաստանի այդ սարսափելի հանցանքներն անպատիժ չմնան: