Քաթար-2022. Օր յոթերորդ. Մբապեի «դուբլը», Մեսսիի ռեկորդը, Լևանդովսկու առաջին գոլը

Կիլիան Մբապեն տոնում է Դանիայի դարպասը խփած գոլը, «Ռաս Աբու Աբուդ» մարզադաշտ, Դոհա, 26-ը նոյեմբերի, 2022թ

Ֆրանսիան թիմերից առաջինն ապահովեց իր ելքը 1/8 եզրափակիչ:

Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության յոթերորդ օրը՝ նոյեմբերի 26-ին, D խմբում Թունիսը պարտվեց Ավստրալիային 0-1 հաշվով: Միակ գոլը 23-րդ րոպեին խփեց ավստրալացի Միթչել Դյուքը:

C խմբում Լեհաստանի թիմը մրցեց առաջին տուրում արգենտինացիներին սենսացիոն պարտության մատնած Սաուդյան Արաբիայի ընտրանու հետ: Այս խաղում լեհերի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին ետ մղեց 11-մետրանոցը:

Խաղի հաշիվը 39-րդ րոպեին բացեց Պիոտր Զիելինսկին: Առաջին տուրում մեքսիկացիների դեմ խաղում 11-մետրանոց չիրացրած լեհերի ավագ և անառարկելի լիդեր Ռոբերտ Լևանդովսկին այսօր 82-րդ րոպեին գեղեցիկ հարվածով խփեց երկրորդ գոլը:

Դա «Լևիի» առաջին գոլն էր աշխարհի առաջնություններում: Լեհաստանը հաղթեց 2-0 հաշվով:

Ապա D խմբում տեղի ունեցավ Դանիա-Ֆրանսիա խաղը, որի հերոսը դարձավ Կիլիան Մբապեն: 61-րդ րոպեին նա խփեց առաջին գոլը:

68-րդ րոպեին Անդրեաս Կրիստինսենը հավասարեցրեց հաշիվը: Թվում էր, թե հանդիպման առավել հավանական արդյունքը ոչ-ոքին կլինի, բայց նոյեմբերի 26-ին Դոհայի «Ռաս Աբու Աբուդ» մարզադաշտում Մբապեին հնարավոր չէր կանգնեցնել՝ 86-րդ րոպեին նա հաշիվը դարձրեց 2-1:

Ուշ երեկոյան սկսվեց Արգենտինա-Մեքսիկա հանդիպումը: Լիոնել Մեսսիի առաջնորդած թիմին այս խաղում հաղթանակն օդի պես էր հարկավոր: Խաղն անցավ բավական հավասար և լարված պայքարում:

35-ամյա Մեսսին 64-րդ րոպեին տուգանային հրապարակից դուրս ստանալով փորձառու Անխել Դի Մարիայի փոխանցումը, հեռահար ցածր հարվածով խփեց առաջին գոլը:

Նա նոյեմբերի 26-ին անցկացրեց աշխարհի առաջնություններում 21-րդ հանդիպումը և այդ ցուցանիշով կրկնեց Դիեգո Մարադոնայի ռեկորդը և հաջորդ խաղում այն կգերազանցի:

87-րդ րոպեին 21-ամյա Էնցո Ֆերնանդեսը գեղեցիկ հեռահար հարվածով հաշիվը դարձրեց 2-0:

Նոյեմբերի 27-ին E խմբում Ճապոնիան կխաղա Կոստա Ռիկայի և Գերմանիան Իսպանիայի հետ:

F խմբում տեղի կունենան Խորվաթիա-Կանադա, Բելգիա-Մարոկկո հանդիպումները: