USAID-ն «Ուկրաինայի երկաթուղուն» նվիրել է 22500 հատուկ տաքացվող վերմակներ

Կենտրոնական կայարանի շենքում ուղևորներին տաքացվող վերմակներ են տրամադրում, Կիև, 25 նոյեմբերի, 2022թ.

Միացյալ Նահանգներն «Ուկրաինայի երկաթուղի» ընկերությանը նվիրել է 22500 հատուկ տաքացվող վերմակներ:

Կիևի Կենտրոնական կայարանում և երկրի մնացած կայարաններում գտնվող ուղևորները և ռուսների ռմբահարումների հետևանքով ջեռուցումից զրկված մյուս մարդիկ կարող են դրանց օգնությամբ տաքանալ:

«Վերջին դաժան հարձակումից շատ մարդիկ են սպանվել, շատերն են վիրավորվել, ռուսները ցանկանում են, որ Ուկրաինայում ցուրտն ու մութը տիրի, բայց դա ուկրաինացիներին էլ ավելի վճռական է դարձնում», - ասել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջեթ Բրինքը:

Նրա խոսքով, Ուկրաինայի մայրաքաղաքի Կենտրոնական կայարանն աշխարհի համար դարձել է ուկրաինացիների հերոսության վկայություններից մեկը:

Վերմակները տրամադրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության մարդասիրական օգնության բյուրոն:

Գնացքներին սպասող ուղևորների համար կայարանի աշխատակիցները ջեռուցումը փոքրիկ վառարաններով են ապահովում և վերմակներն են բաժանում:

Ռուսաստանը հայտարարում է, թե թիրախավորում է Ուկրաինայի էներգետիկ համակարգը, որ թուլացնի ուկրաինացիների պաշտպանունակությունը և ստիպի բանակցել:

Կիևը և արևմտյան մի շարք մայրաքաղաքներ ռուսների կողմից Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքի հրթիռակոծությունը պատերազմի հանցագործություն են անվանել: