«Վանը ծնվել է, նախ որ մեր ընտանիքին լույս պարգևի». պատերազմում որդուն կորցրած Անահիտ Մկրտչյանը նորից մայրացել է

Վեց օր է՝ Անահիտ Մկրտչյանը նորից որդի ունի՝ 2470 գրամանոց Վանը։ Ամուսնու՝ «տղաս ո՞նց է » հարցից դեռ անակնկալի է գալիս:
Անահիտը 44-օրյա պատերազմում զոհված Վահե Կարապետյանի մայրն է: Հեշտ չէր հղիությունը 49 տարեկանում, բայց ասում է՝ Վահեի կամքն էր:

«Ամեն օր ասում էր՝ մամ, իմ գործը չի, բանակից գամ, նորությունը անկողնում պառկած լինի», - հիշում է մայրը:

Ամուսինը երեխա ունենալու խոստումը Վահեի գերեզմանին այցի ժամանակ տվեց. «Ես ու հայրն էինք իր շիրիմի մոտ, ամուսինս լացելով ասաց, որ Վահե ջան, քո կարևոր նպատակը մենք իրականացնելու ենք»:

Փոքրիկ Վանը ծնվել է արտամարմնային բեղմնավորմամբ, որ պտղաբերության կենտրոնում է արվել: Անահիտն ասում է՝ մի քանի անհաջող փորձերից հետո հուսահատվում էր, բայց անցնում առաջ, մինչև որ ստացվեց. «Վախը, իհարկե, կար, որովհետև և տարիքը, և դեպրեսիոն վիճակը, և հոգեկան իրավիճակը, բայց այդ պահին մենք ամեն ինչ թողեցինք Աստծո հույսի: Եթե Աստված ցանկանար, որ մեր ընտանիքում լույս պետք է գա, ուղղակի մենք ամեն օր աղոթելով այդ լույսին էինք սպասում»:

Հղիության հսկողությունն ու կեսարյան հատումը «Էրեբունի» բուժկենտրոնում իրականացրել է ծննդատան փոխտնօրեն Դավիթ Աբովյանը:

«Անահիտի մոտ նաև կար շաքարային դիաբետ, որի համար ինքն ինսուլին էր ստանում, և դա ռիսկը բացի տարիքայինից կրկնապատկում էր», - ասում է նա:

Փոքրիկը ժամկետից մի քիչ շուտ է ծնվել, բայց ըստ մասնագետների՝ վիճակը նորմալ է: Բուժկենտրոնում 44 -օրյա պատերազմի ընթացքում որդի կորցրած 22 կին է մայրացել, հիմնականում 40-ն անց կանայք, ընթացիկ ու քրոնիկ հիվանդություններով: Հղիների պաթոլոգիայի բաժանմունքի ղեկավարը շեշտում է՝ այս տարիքում երեխա կրելու բարդությունները շատ են, բայց բժիշկներին օգնում է մայրերի ցանկությունը:

«Շատ երկար ճանապարհ են անցնում, որպեսզի հոգեբանորեն անցնեն, հատեն սահմանը և կարողանան գնալ այդ քայլին՝ նոր մայրության քայլին, ունեն բոլորը հույս, և այո, դա այդպես է, որ սա հանդիսանում է իրենց երկրորդ կյանքի սկիզբ», - նշում է «Էրեբունի» ԲԿ հղիների պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ Էդիտա Ղարիբյանը:

«Հղիությունը ծանր էր»,-ասում է Անահիտն ու անմիջապես ավելացնում. «Հիմա չեմ հոգնում, էներգիայի պակաս չունեմ: Փորձում եմ նաև գիշերը հարմարվել. չէ՞ որ ես 20 տարի առաջ եմ բալիկ ունեցել, հիմա փորձում ենք նորից սովորել երեխա պահել»:

Ընդամենը մի քանի օրական փոքրիկը ըմբռնումով է մոտենում մայրիկի տարիքին՝ հանգիստ է, անաղմուկ քաշ է հավաքում: Մայրը նոր որդու մեջ կորցրած Վահեին չի փնտրում. «Վահեն կա իմ ընտանիքում, հիմա իմ կողքը նստած է, ես չեմ կարող ասել, որ Վանի մեջ ես պետք է տեսնեմ Վահեին, չէ: Վահեն Վահեն է, Վանը Վանն է, ուղղակի Վանը լույս աշխարհ է եկել՝ նախ, որ մեր ընտանիքին լույս պարգևի, որ իր ծնողների արցունքը որոշ չափով դադարի»:

Ուզում է տանը Վահեի հւիշատակի անկյունում ոչ թե միայնակ արտասվել, այլ փոքրիկին պատմություններ պատմել ավագ եղբոր մասին: Վահե Կարապետյանը ուսանող էր, նաև News.am կայքի մոնտաժող-օպերատորը: Բանակից մեկ տարի առաջ էր վերադարձել, 44-օրյա պատերազմին մեկնեց որպես պահեստազորային՝ զինկոմիսարիատից ստացած ամենաառաջին զանգով:
«Նույն րոպեին բոլորին հաջողություն էր արել, վեշերը հավաքեց ու գնաց», - նշում է մայրը:

Մատաղիսի անտառներում է կռվել մինչև Շուշի հասնելը, ողջ ընթացքում մայրն ու քույրն այդպես էլ չեն իմացել, որ Վահեն Արցախում է, տնեցիներին ասել է՝ Հոկտեմբերյանում եմ՝ զորավարժությունների. «Ինքը շատ բարձր տրամադրությամբ է իմ հետ խոսել, շատ դուխով, ժպիտով»:

Նոյեմբերի 6-ին ծանր վիրավորում է ստացել Շուշի տանող ճանապարհին, տեղափոխվել Երևան, այստեղ էլ մահացել այդպես էլ գիտակցության չգալով՝ նոյեմբերի 9-ին: Մայրը երկու տարի անց էլ հարցեր ունի՝ ինչո՞ւ էր որդին արկերի տակ առանց սաղավարտի՝ միայն գլխի վիրավորում է ունեցել ու էլի հարցեր. «Նպատակը ո՞րն է եղել, որ առանց տարածքը հետազոտելու, առանց տարածքը ուսումնասիրելու ուղղակի այդքան երիտասարդի տանել, մինչև այսօր չգիտենք: Եթե պետք է տայինք Շուշին, ինչի՞ էր պետք այսքան ջահել տղաների արյունը»:

Անահիտն ասում է՝ միակ որդուն կորցնելուց հետո էլ չի մտածել, որ ավելի ճիշտ էր պատերազմից փախչելը, թաքնվելը կամ երկրից հեռանալը: Այս փոքրիկին մեծացնելու է այն հավատով, որ կռիվ չի լինելու:

«Ծառայությունը մեզ համար լինելու է ուղղակի պարտականություն, որ ցանկացած տղա պետք է ծառայի, վերադառնա, ոչ թե մտածեմ հոգեբանորեն, որ գնում է պատերազմ, չէ, չեմ ուզում, չեմ ուզում, որ այդ գաղափարով ես իմ երեխային մեծացնեմ», - շեշտում է մայրը:

Մի քանի օրից ընտանիքի նոր անդամի՝ Վանի հետ տուն են գնալու, ինքը, ամուսինն ու 18-ամյա դուստրը՝ Մանեն, որ փոքր եղբոր ծնունդից հետո անընդհատ ժպտում է: