Պուտինը չի մեկնի Բալի՝ G20-ի գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բալիում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին, ռուսական պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այդ մասին այսօր ՏԱՍՍ-ին հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Որոշվեց, որ Սերգեյ Լավրովը կներկայացնի Ռուսաստանը G20-ի գագաթնաժողովում», - ասել է Պեսկովը։

Այսօր ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Ինդոնեզիայի կառավարության ներկայացուցչին, հայտնել էր, որ Ջակարտայի տվյալներով՝ Ռուսաստանի առաջնորդը կարող է առցանց մասնակցել առաջիկա գագաթնաժողովի նիստերից մեկին։

Մեծ քսանյակի գագաթնաժողովը Բալիում անցկացվելու է նոյեմբերի 15-16-ը: Այն տեսականորեն կարող էր դառնալ եզակի մի վայր, որտեղ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները կլինեին նույն սենյակում։

Նոյեմբերի 3-ին Վլադիմիր Զելենսկին ասել է, որ եթե Պուտինը մասնակցի գագաթնաժողովին, ոչ ինքը, ոչ էլ Ուկրաինայի ներկայացուցիչներից որևէ մեկը չեն մասնակցի դրան։ Ինքը Զելենսկին, ով չի լքել Ուկրաինան ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր, ակնկալվում է, որ տեսակապով կմասնակցի G20-ի գագաթնաժողովին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ G20-ի Բալիի գագաթնաժողովին Պուտինն ու Զելենսկին, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն առցանց
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին չի մասնակցի «Մեծ քսանի» ժողովին, եթե այնտեղ ներկա լինի Պուտինը