Շվեդիայի վարչապետը ժամանել է Անկարա

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոն, արխիվ

Անկարա է ժամանել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը՝ Թուրքիայի իշխանությունների հետ շարունակելու բանակցությունները ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ։

Շվեդիայի, ինչպես նաև հարևան Ֆինլանդիայի անդամակցության դիմումները Թուրքիան չի շտապում հաստատել՝ առաջ քաշելով մի շարք պահանջներ, այդ թվում՝ զենքի վաճառքի արգելանքի չեղարկում, տասնյակ քրդամետ գործիչների արտահանձնում, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան չի շտապում հավանություն տալ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը. ՆԱՏՕ-ում հակառակն են պնդում

Անցած շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թեև Թուրքիայի և Շվեդիայի հարաբերություններում որոշակի առաջընթաց նկատվում է, այդուհանդերձ, Հելսինկիի և Ստոկհոլմի՝ դաշինքի անդամակցության մասին խոսելը դեռ վաղ է:

«Չենք կարող ասել, որ այդ երկու երկրներն ամբողջությամբ կատարել են հուշագրի պահանջները», - ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը: