Ռուսաստանի Գլխավոր շտաբը խոստանում է, որ նորակոչիկները պատերազմին չեն մասնակցի

Ռուսական բանակի զորակոչիկներ, արխիվ

Աշնանային զորակոչի ընթացքում բանակը համալրած ժամկետային զինծառայողները Ռուսաստանին կցված ուկրաինական մարզերում չեն տեղակայվի և չեն մասնակցի այնտեղ ընթացող ռազմական գործողություններին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի կազմակերպական-զորահավաքային վարչության պետ Եվգենի Բուրդինսկին։

Աշնանային զորակոչը Ռուսաստանում մեկնարկելու է վաղը՝ նոյեմբերի 1-ին։ Զորակոչի մեկնարկը հետաձգվել էր մեկ ամսով՝ սեպտեմբերի 21-ին հայտարարված պահեստայինների զորահավաքի ընթացքում զինկոմիսարիատների ծանրաբեռնվածության պատճառով։

Աշնանային զորակոչի ընթացքում նախատեսվում է շուրջ 120 հազար մարդ զորակոչել ռուսական բանակ։